Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարին արձանագրվել է պետբյուջեի եկամուտների աճ

Պաշտոնական
index1

2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7% ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամիսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%: ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6% ով կամ 1.7 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6% ով կամ 1.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 30.1 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին