«Իսկ եթե ամուսնացել ես ռետինե տիկնիկի հե՞տ» (տեսանյութ)
Արդյոք պե՞տք է քրեական, այլ ոչ թե վարչական պատասխանատվության ենթարկել ապահովագրական խնդիրների համար: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա նիստում այդպես էլ այս հարցին հստակ պատասխան չկարողացավ գտնել: Համապատասխան օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի հիմնական զեկուցող, ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանի հիմնավորումները պատգամավորների համար անհասկանալի էին։ Օրենսդիրն ու գործադիրը քննարկում էին, թե որ դեպքում պետք է ապահովագրական այս կամ այն գործարքը համարել խարդախություն եւ քրեական պատասխանատվության ենթարկել քաղաքացուն: Պատգամավորները կարծում էին, որ Քրեական օրենսգիրքը խարդախության վերաբերյալ ունի շատ հստակ ձեւակերպումներ, եւ պետք չէ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում նոր փոփոխություններ կատարել։ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ամերիկյան ավտոճանապարհային երթեւեկության մի օրինակի վրա փորձեց բացատրել, թե որն է իրականում խարդախությունը: Նա պատմեց, որ ԱՄՆ-ում կան ճանապարհի հատուկ հատվածներ, որտեղ իրավունք չկա միայնակ մեքենա վարելու։ Դավիթ Հարությունյանը բացատրում է. «Եթե դու քշում ես միայնակ, տուգանքը մոտավորապես 500 դոլար է, իսկ եթե կողքդ ռետինե, փչովի տիկնիկ ես դնում, ապա քրեորեն պատժելի արարք է»: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ճշմարիտյան. «Իսկ եթե ամուսնացել ես էդ ռետինե տիկնիկի հե՞տ»: Դավիթ Հարությունյան. «Այ, էդ ուրիշ բան: Դա արդեն եվրոպական փորձ է»: Միակ կետը, որի շուրջ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչ Ներսես Երիցյանը համաձայնության եկան` օրենքի փոփոխությունները մեկ տարով հետաձգելն էր։ «Եթե շտապ չէ, սրա վրա մանրամասն աշխատենք, որ դառնա նորմալ բան»,- առաջարկեց Կարեն Ճշմարիտյանը։