ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մաեստրո Ալեքսանդր Սիրանոսյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի ֆրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը: Որպես մենակատար հանդես կգա նրա դուստրը՝ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը: Մաեստրոն տեղեկացրեց, որ ծրագրում կլինի Միրզոյանի «Սիմֆոնիկ պոեմ», Սեն-Սանսի «Թավջութակի կոնցերտ», Միրզոյանի «Պոեմ թավջութակի եւ լարային նվագախմբի համար» եւ Վենսան Դ'Էնդի «Իտալական սիմֆոնիա» ստեղծագործությունները:
Մաեստրո Սիրանոսյանը բացատրեց, թե ինչու է ընտրել Միրզոյանի «Սիմֆոնիկ պոեմը». «Քանի որ սա նման է իդեալական Հայաստանին»:
Ֆրանսիացի կոմպոզիտոր Վենսան Դ' Էնդիի «Իտալական սիմֆոնիա» ստեղծագործությունը նվիրվելու է Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի հիշատակին, քանի որ ապրիլի 8-ին նրա թաղումն է լինելու:
Ի դեպ, Վենսան Դ' Էնդիի «Իտալական սիմֆոնիայի» համաշխարհային պրեմիերան լինելու է Հայաստանում, որին ներկա կլինի նաեւ կոմպոզիտորի թոռը: