ՀԷԿ կառուցելու մասին խոսք չի գնում. Արմեն Գեւորգյան
Ներկայում Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մասին խոսք չի գնում: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` հաստատելով ավելի վաղ«Արմենպրես»-ի հայտնած տեղեկությունը, որ ջրանցքի վրա ընդամենը կատարվում են վերանորոգման աշխատանքներ եւ այս պահին ՀԷԿ չի կառուցվում: Նախարարի խոսքով` ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որը տրամադրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: «Այս պահին գործընթաց է գնում այդ լիցենզիան ստանալու համար, որը տրամադրվում է ջրի օգտագործման թույլտվությունը ստանալուց, տարբեր բնապահպանական և այլ փորձաքննություններ անցնելու հետո: Մեր նախապայմանը եղել է հետևյալը` անկախ նրանից` ՀԷԿ-ը կկառուցվի թե ոչ` մենք ջուր օգտագործելու թույլտվություն տալիս ենք միայն արագահոս համակարգի վերակառուցման դեպքում, որով ջուր է մատակարարվում Արարատյան դաշտին: Անկախ էներգետիկ ծրագրի իրականացումից` արագահոս համակարգը պետք է վերակառուցվի»,- ասաց Գևորգյանը: Նրա խոսքով` այդ էներգետիկ ծրագրի իրականացման գաղափարները միշտ եղել են, բազմիցս տարբեր ընկերություններ դիմել են կառավարությանը` ծրագրի իրականացման համաձայնություն ստանալու համար: Ըստ Գևորգյանի` եղել են ընկերություններ, որոնք ունեցել են լիցենզիա, սակայն ծրագրերը չեն իրականացվել, քանի որ չեն իրականացվել որոշակի նախապայմաններ, մասնավորապես, չի վերակառուցվել արագահոս համակարգը: «Մեր պայմանը եղել է հետևյալը` էներգետիկ ծրագիրը պետք է իրականացվի ոռոգման ռեժիմին համապատասխան և վերակառուցվի արագահոս համակարգը, որն ամբողջությամբ քայքայված է»,- ասաց փոխվարչապետը: Խոսելով էներգետիկ ծրագիր իրականացնել ցանկացող ընկերության մասին` Արմեն Գևորգյանն ասաց, որ այն պատրաստակամություն է հայտնել տարբեր ծրագրեր իրականացնել նաև համայնքներում, լուծել սոցիալական խնդիրներ, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի: «Այգիները չորացնելու կամ գյուղատնտեսությանը վնաս հասցնելու մտադրություն ոչ ոք չէր կարող ունենալ, այդ առումով բոլորը պետք է վստահ լինեն: Ծրագիրն իրոք վտանգավոր չէ: Բոլոր հանգամանքները պարզելու համար ստեծվելու է հատուկ հանձնաժողով, որը նաև ներգրավելու է միջազգային փորձագետների, որոնք քննարկելու են ծրագիրը` պարզելու` արդյոք կա՞ն խնդիրներ և վտանգներ»,- ասաց փոխվարչապետը: Միաժամանակ, փոխվարչապետը պարզաբանեց, որ Ապարանի 90 մլն խմ տարողությամբ ջրամբարում տարեկան կուտակվում է 60-80 մլն խմ ջուր: Այն օգտագործվում է երկու նպատակով` ջուր մատակարարել գյուղատնտեսությանը, իսկ լրացուցիչ ջուրը որպես դոտացիոն ռեսուրս տեղափոխվում է Արարատյան դաշտ Արզնի-Շամիրամ ջրամբարով: Ըստ Գևորգյանի` ջրամբարին հարակից համայնքների այգիներին տարեկան մատակարարվում է ընդամենը 18 մլն խմ ջուր: «Միշտ եղել է գաղափար, որպեսզի այդ արագահոսը վերակառուցվի և այնտեղ իրականացվի էներգետիկ ծրագիր, քանի որ ջուրը բաշխվելու է միայն ոռոգման ռեժիմին համապատասխան: Անհանգստությունը, որ ջուրը կարող է սպառվել և օգտագործվել միայն ՀԷԿ-ի համար, տեղին չէ և հիմնավորված չէ»,- ասաց փոխվարչապետը: Արմեն Գևորգյանը միաժամանակ ցավով նշեց, որ խնդրի շուրջ իրականացվում է կազմակերպված քարոզչություն, քանի որ բնակիչների փողոց դուրս գալու հետ մեկտեղ այնտեղ անմիջապես հայտնվեցին տարբեր հեռուստաընկերություններ և լրագրողներ: Հիշեցնենք, այսօր առավոտից Արագածոտնի մարզի 7 գյուղեր պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը։