Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծեծել են քաղաքացիական հագուստով ոստիկանները»

Քաղաքականություն
Egia_2

Բնապահպան Եղիա Ներսեսյանին ծեծել են Երեւան-Ապարան մայրուղու վրա։ Բնապահպանը մասնակցում էր Օհանավանի եւ հարակից 6 գյուղերի բնակիչների բողոքի ակցիային՝ ընդդեմ Ապարանի ջրամբարի մոտ կառուցվող ՀԷԿ-ի։ Եղիա Ներսեսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն փորձել են մտցնել ոստիկանական մեքենան. «9 ոստիկան, որոնցից 4-ը քաղաքացիական համազգեստով էին, ինձ բռնեցին ու տարան դեպի մեքենան։ Նրանցից մեկը ծնկով իմ մեջքին հարվածեց, ու ես ընկա գետնին։ Հետո փորձում էին ձեռքս կոտրել։ Հիմա վիճակս լավ է, շնչում-արտաշնչում եմ»,-ասաց բնապահպանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղացիներն այս պահին գտնվում են այն հատվածում, որտեղ շինաշխատանքներ են կատարվում։ «Խոստացել էին, որ պետք է տեխնիկան հանեն, ընդամենը մի տեխնիկա են հանել, ես սա գնահատում եմ՝ մարդկանց աչքին թոզ փչել։ Խողովակները եւ փոս փորող էքսկավատորը խնձորի այգիների տարածքում են»։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ին հայտնեց, որ տեղի ունեցածի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում։