Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտին. «Յանուկովիչը կմասնակցի թաղմանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
putin1

Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միացումն իրեն: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քիչ առաջ ավարտված՝ Ուկրաինայի հարցով իր ասուլիսի ընթացքում: Միաժամանակ Պուտինն ասաց, որ միայն այս կամ այն տարածքում բնակվող քաղաքացիները պետք է ազատ կամարտահայտմամբ որոշեն իրենց ապագան: Եթե դա թույլ տրվեց Կոսովոյի ալբանացիներին, այլ ազգերի՝ աշխարհի այլ վայրերում, ապա նշանակում է՝ ազգի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: «Բայց մենք ոչ մի դեպքում ոչ ոքի չենք սադրելու և դրդելու այդ որոշմանը»,- հավելեց Պուտինը՝ շեշտելով, որ տվյալ տարածքի բնակիչներն իրենք իրավունք ունեն նման որոշում կայացնելու: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Կիևում զանգվածային անկարգությունների ժամանակ, այնուամենայնիվ, դիպուկահարները կրակել են՝ Պուտինը վկայակոչեց այն տեսակետը, որ Կիևում կրակողները եղել են սադրիչներ ընդդիմադիր կուսակցություններից մեկից: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ տեսել ենք, որ Բերկուտի զինվորները կանգնած էին վահաններով, իսկ իրենց վրա կրակում էին ոչ թե պնևմատիկ զենքից, այլ մարտական: «Ինձ չի մտահոգում, (որ կարող է պատերազմ սկսվել), քանի որ մենք չենք կռվելու ուկրաինական ժողովրդի հետ»,- նշեց Պուտինը: Լրագրողներից մեկը հիշեցրեց Արևմուտքի հայտարարությունները, որ Ղրիմում իր զորքն օգտագործելով՝ Ռուսաստանը կխախտի Բուդապեշտյան պայմանագիրը, որով ընդունել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը այն բանի դիմաց, որ Ուկրաինան հրաժարվի միջուկային զենք ունենալուց: Պուտինը պատասխանեց, որ Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանության զինյալ և հակասահմանադրական զավթում: Պուտինի խոսքով՝ երբ իրենք ասում են, որ դա հակասահմանադրական հեղաշրջում է, Արևմուտքից պատասխանում են, որ ոչ՝ դա հեղափոխություն է: «Իսկ եթե հեղափոխություն է, ապա հնարավոր է, որ այդ տարածքում ձևավորվի նոր պետություն; Իսկ այդ պետության վերաբերյալ որևէ պարտավորեցնող փաստաթուղթ մենք չենք ստորագրել»,- ասաց Պուտինը: Նա համոզում հայտնեց, որ Արևմուտքը շատ լավ ծրագրել է և աջակցել հակասահմանադրական հեղաշրջմանը և իշխանության զավթմանը Ուկրաինայում: «Արևմտյան կարգադրիչները ջանք են թափել,- ասաց Պուտինը և հավելեց:- Մեր Արևմուտքի գործընկերները Ուկրաինայում դա անում են ոչ առաջին անգամ»: Միաժամանակ նա հայտարարեց, որ Ուկրաինայի նախկին իշխանություններից որևէ մեկը չի մտածել ժողովրդի մասին: Համեմատելով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ները Ուկրաինայում և Ռուսաստանում, ինչպես նաև կենսաթոշակների չափերը՝ Պուտինն ասաց, որ Ուկրաինայում իրավիճակը մի քանի անգամ վատ է: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է այս մասին մտածեին, ինչպես նաև բանդիտիզմը կանխելու: Հենց այս «սնող բազայի» հիման վրա տեղի ունեցավ Ուկրաինայի հեղաշրջումը: «Ուկրաինայում լեգիտիմ իշխանափոխությունը կարևոր է, բայց ոչ այս ճանապարհով»,- ասաց Պուտինը: Կախված նրանից, թե ինչպես կանցնեն Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունները՝ Ռուսաստանը կընդունի դրանք կամ ոչ: «Եթե անցնեն այսպիսի տեռորի պայմաններում, ապա չենք ընդունի»,- ասաց Պուտինը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ինքը երկու օր առաջ հանդիպել է Վիկտոր Յանուկովիչին, ով ողջ և առողջ էր: «Յանուկովիչը դեռ կմասնակցի ու կմրսի նրանց թաղմանը, ովքեր տարածում են այդպիսի տեղեկություններ»,- ասաց Պուտինը՝ նկատի ունենալով Յանուկովիչի մահվան մասին տեղեկություններ տարածողներին: Անդրադառնալով լուրերին, որ Յուլյա Տիմոշենկոն պատրաստվում է գնալ Ռուսաստան, Պուտինն ասաց, որ չի խոչընդոտի այդ այցին: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանը շարունակելու է պատրաստվել Սոչիում նախատեսված Մեծ ութնյակի հանդիպմանը, իսկ եթե այդ երկրներից որոշները, պայմանավորված Ուկրաինայի դեպքերով, կբոյկոտեն հանդիպումը, ապա դա նրանց որոշումն է: