ՀՀԿ-ականը Ուկրաինա էր գնացել (տեսանյութ)
Ուկրաինայից երկու օր առաջ վերադարձած ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը եկել է այն եզրակացության, այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները շատ երկրների համար պետք է դաս լինեն։ «Բիրտ ուժի կիրառմամբ, սահմանադրությունը տրորելով, հեղափոխություն իրականացնելով այն վայրում, որտեղ դու ապրում ես, հրկիզելով, ջարդելով, փշրելով, ես կարծում եմ, որ դա 21-րդ դարում պարզապես անընդունելի է։ Իհարկե, վատ է, երբ երկրի ղեկավարն իր տեղում չէ, բայց պետք է անպայման օրինական ճանապարհով, սահմանադրական եղանակով կատարել փոփոխությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ պատգամավորը։ Նրա կարծիքով՝ Մայդանում տեղի ունեցածից հետո ուկրաինական ժողովուրդը շատ է տուժելու. «Կտուժի երկար տարիներ եւ ֆինանսապես, եւ տնտեսապես, եւ քաղաքական առումով, որովհետեւ խեղաթյուրվում է համակարգը, քաղաքական մթնոլորտը»։ Ուկրաինայի այսօրվա կառավարությունը, ըստ Կարինե Աճեմյանի, ինքնակոչ է, «Մի կառավարություն, որն արգելում է լեզուն կամ արգելքներ է դնում, իրականացնում է բռնի ուժ, իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք հարիր չեն դեմոկրատ երկրներին։ Իրականում, կարծում եմ, որ ամենակարեւորը օրենքն է»։