Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՕՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Մշակույթ

Երեւանի դպրոցներում 2 ամիս շարունակ անցկացվելու են անդերսենյան օրեր: Հայ դպրոցականներն այդպես են նշելու հանրահայտ հեքիաթագրի 200-ամյա հոբելյանը:

Իսկ այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվա կապակցությամբ Խնկո-Ապոր անվան Հանրապետական մանկական գրադարանում միջոցառում էր, որը կազմակերպել էր «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի Ազգային Հանձնաժողովը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործերով Հայաստանի Ազգային Հանձնաժողովի գլխավոր քարտուղար Կարինե Դանիելյանն ասաց. «Քանի որ այդ հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում, «Ապագան քոնն է» բարեգործական-սոցիալական հասարակական կազմակերպության հետ պատրաստել ենք մի ծրագիր՝ գեղանկարչական մրցույթի ցուցահանդես եւ բեմադրություն է լինելու»:

Անդերսենի 5 հեքիաթները կրճատվել եւ վերահրատարակել են Տիգրան Մեծ հրատարակչությունում: Այսօր «Հեքիաթներ» գրքի շնորհանդեսն էր, որի ընթացքում մասնակից-երեխաները ստացան մեկական գիրք:

«Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի նախագահ Նարինե Սարգսյանը նշեց. «Այսօրվա ծրագիրը մեր կազմակերպության առաքելությանը համահունչ է: Այսինքն՝ մեր առաքելությունն է երեխաներին ընդգրկել մշակութային եւ կրթական ծրագրերում, ուստի որոշեցինք այնպիսի միջոցառում կազմակերպել, որ եւ գրքի շնորհանդես լինի, եւ երեխաների առօրյան այդ օրը հեքիաթային դարձնենք»: