Հ. Աբրահամյանը Լ. Զուրաբյանին կոչ արեց չափը չանցնել
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում նախաձեռնելու է մի գործընթաց, որի արդյունքում ԵԽԽՎ-ն կուսումնասիրի իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառումը ցուցարարների նկատմամբ որպես չարիք` հաշվի առնելով 2008թ. Մարտի 1-ի դեպքերը Երևանում և 2014թ. փետրվարի դեպքերն Ուկրաինայում: Քիչ առաջ, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Լևոն Զուրաբյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր իշխանություն կորցնում է լեգիտիմությունը, երբ կրակում է սեփական ժողովրդի վրա: «ԵԽԽՎ-ն տվել է ամենահստակ գնահատականը Նիկոյանի հանձնաժողովի կատարած աշխատանքին` որակելով այն մի աշխատանք, որը ոչ մի հավատ չի ներշնչում»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` Մարտի 1-ի իրադարձություններից անցել է 6 տարի, բայց երկիրը շարունակում է խրվել ճգնաժամի մեջ: Ուստի, Զուրաբյանի գնահատմամբ` Մարտի 1-ի իրադարձության հանգուցալուծումը ոչ միայն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերի հարազատներին պատասխան տալու խնդիր է, այլև երկրի զարգացման, յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության: ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը կտա Մարտի 1-ի գնահատականը, սակայն այսօր իշխանության մեջ եղածներն ունեն շանս` ինքնամաքրվելու նպատակով քայլ կատարելու: Միաժամանակ Զուրաբյանը կասկածի տակ դրեց գործող իշխանության բարոյականությունը: «Արդարությունը կվերականգնվի այն իշխանությունից հետո, որը կգա ձեզանից հետո»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Բանախոսը բոլորի պարտքը համարեց անել այնպես, որ օր առաջ Հայաստանի իշխանությունները պատժեն Մարտի 1-ի բոլոր մեղավորներին և պետության անունից ներողություն խնդրեն ցուցարարներից ու ժողովրդից: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ մինչ այս ինքը լռում էր, թեև համաձայն չէր Լևոն Զուրաբյանի հետ, սակայն թող Զուրաբյանը չափը չանցնի և «բարոյական մասով» իշխանություններին չմեղադրի: