ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵ՞Լ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Այս տարի նշվելու է Հայոց Գրերի Գյուտի եւ Սուրբ Գրքի թարգմանության 1600-ամյա հոբելյանները, որը նաեւ Մաշտոցյան Մատենադարանի «ստեղծման» 1600-ամյակն է: Այդ կապակցությամբ այսօր Մատենադարանում ասուլիս էր կազմակերպել «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական ընկերությունն ու Մատենադարանի տնօրինությունը:
Մատենադարանը, ինչպես բոլորիս է հայտնի, պետական հաստատություն է եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Սակայն, ինչպես տեղեկացրեց Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, պետության հատկացրած միջոցները թույլ են տալիս հոգալ միայն ֆոնդերի պահպանման ու ընթացիկ գործունեության անհրաժեշտ ծախսերը: «Ձեռագրերի պահպանման, ժամանակակից սարքավորումների լրացման համար անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը»,-նշեց պարոն Արեւշատյանը:
Մատենադարանում 17.138 ձեռագիր կա` 14000-ը հայերեն, իսկ մոտ 3000-ը օտար լեզուներով: Մատենադարանը աշխարհում ամենախոշոր հայերեն ձեռագրեր ունեցող հաստատությունն է: Մատենադարանի ձեռագրերը ձեռք են բերվում մի քանի ճանապարհով` կամ գումարով գնում են ձեռագրերը, կամ բերում են, առաջարկում, իսկ տնօրինությունը բարերարներ է փնտրում ու գնում, կամ էլ անվճար նվիրում են: Պարոն Արեւշատյանն օրինակ բերեց Անգլիայից Քյուրքչյաններին, որոնք Ավետարան մանրանկար են նվիրել: Պարոն Արեւշատյանը հավաստեց.«Քիչ են եղել դեպքեր, երբ բերել են, բայց չենք կարողացել գնել»:
Ի դեպ, Մատենադարանը ունի նաեւ արխիվային ֆոնդ, որը 18-20-րդ դարի հավաքածու է: 1600-ամյա հոբելյանների կապակցությամբ պետական հանձնաժողովը, որը միջոցառումների ծրագիրն է մշակել, Հայաստանում կազմակերպում է միջազգային գիտաժողով, որին գործուն մասնակցություն կունենա նաեւ Մատենադարանը: Հոբելյանի կապակցությամբ նաեւ ցուցահանդես է լինելու` նվիրված Մաշտոցի կյանքին, գրերի գյուտին, ոսկեդարյան գրականությանը: Այդ առիթով գրքերի հրատարակություն էլ է լինելու. 5 լեզվով հրատարակվելու է Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը` հայերեն, գրաբար, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Վերահրատարակվելու է նաեւ Հրաչյա Աճառյանի «Հայոց գրեր»աշխատությունը:
1600-ամյակի կապակցությամբ միջոցառումները կսկսվեն հունիսին Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանքում, իսկ աշնանը կլինեն մասայական երթեր, հավաքներ Էջմիածնում, Վաղարշապատում, Օշականում: «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը գտնում է, որ 1600-ամյակը առիթ է, որ զարկ տրվի հայագիտության զարգացմանն ու մատենադարանի ծրագրերի իրականացմանը: