Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհերի արյունը Յանուկովիչի խղճին է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kiev2

Ուկրաինայում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 25-ի: Նրանցից մեկը տեղական «Վեստի» թերթի թղթակիցն է: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության, զոհերից 19-ը քաղաքացիական անձինք են: Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ նրանց սպանել են արմատական տրամադրություն ունեցող ընդդիմադիրները, քանի որ ոստիկանությունը մարտական զենքեր չի կիրառել: Ըստ պաշտոնական Կիեւի, բախումներն արդյունք են այն բանի, որ ընդդիմությունը փորձել է գրավել իշխանությունը: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը պարզաբանել է, որ ինքը ընդդիմության առաջնորդներին ասել է` իշխանություն եք ուզում, համբերեք, շուտով ընտրություններ կլինեն: Առաջին 12 զոհերի մասին տեղեկություններից հետո Ուկրաինայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ եւ ընդդիմությանն առաջարկել լքել Մայդանը, այլապես նրանց հետ այլ խոսակցություն կլինի: Նախագահ Յանուկովիչն արդեն հայտարարել է, որ հակամարտությունը տեղի չէր ունենա, եթե ընդդիմությունը ժողովրդին կոչ չաներ զենք վերցնել: Յանուկովիչը Կլիչկոյին առաջարկել է հրապարակի ժողովրդին կոչ անել վայր դնել զենքերը: «Ի՞նչ զենքերի մասին է խոսքը»,- երեկ երեկոյան նախագահի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է Վիտալի Կլիչկոն: Նա նկատել է, որ Յանուկովիչը իրադարձությունների հանդեպ ունի անհամարժեք վերաբերմունք: Բռնությունների եւ զոհերի փաստն արձանագրելուց հետո միջազգային «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպությունն արդեն Վիկտոր Յանուկովիչին հռչակել է ոչ լեգիտիմ նախագահ, որը կրակել է սեփական ժողովրդի վրա: ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարներն իշխանությանը կոչ են արել դադարեցնել բռնությունները: Ուկրաինայում Ամերիկայի դեսպանը հայտարարել է, որ բռնությունների եւ բոլոր զոհերի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վիկտոր Յանուկովիչի վրա, եւ նա է պատասխան տալու դրանց համար: Ռուսաստանն առայժմ միայն ակնարկել է, որ բռնությունների հովանավորները Արեւմուտքում են: