Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարության ոլորտում ցուցանիշների նվազում կա (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxshin

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը խոստանում է այսուհետ ավելի հաճախ շփվել լրագրողների հետ։ Նախարարն այս խոստումը տվեց այն ժամանակ, երբ «Ա1+»-ի լրագրողը հետաքրքրվեց, թե նախարարն ինչու է խուսափում լրագրողների հետ հանդիպելուց։ Ի դեպ, նախարարն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու նախորդ տարին եւ 2014 թ. գերակա ուղղությունները նշելու։ Սամվել Թադեւոսյանը մեծ հպարտությամբ նշեց, որ Քաղաքաշինության նախարարությունում ատկատ հասկացողությունը բացառվում է, եւ մրցույթներն անցկացվում են բաց եւ թափանցիկ։ Նախարարն ավելացրեց, որ մրցույթները նախարարությունում իրականացվում են միայն էլեկտրոնային տարբերակով. «Մրցույթները ցուցադրվում են օնլայն ռեժիմով, եւ 2013 թ. 6 մլրդ 800 միլիոն դրամի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում շուրջ 500 մլն դրամի տնտեսում ենք ունեցել»։ Սամվել Թադեւոսյանի խոսքով՝ այս տարվա գերակա խնդիրներից է պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց եւ չշահագործվող շենքերի եւ շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծումը։ Ըստ նախարարի՝ շինարարության ոլորտում ցուցանիշների նվազում կա եւ այսօր իրենց խնդիրն է՝ որքան հնարավոր է հանրապետությունում մեղմել շինարարության ոլորտի տնտեսական նվազման միտումը։ Այս տարի կանխատեսվում է 4-5 տոկոսի տնտեսական աճ շինարարության ոլորտում։ Միաժամանակ նախարարը նշեց, որ բնակչության կողմից իրականացված շինարարության ոլորտում 2013 թ-ին արդեն արձանագրել են 12,5 տոկոս աճ։ Քաղաքաշինության նախարարն անդրադարձավ նաեւ կառավարության հրաժարականը պահանջող 4 ոչ իշխանական ուժերի հայտարարությանը։ «Ընդդիմությունը միշտ էլ կարող է նման հարցով հանդես գալ, իմ գնահատականով՝ ես կարող եմ ասել, որ հիմքեր չկան, բայց դա ընդդիմության գործն է»,- նշեց նա։ Միաժամանակ վերջինս հերքեց այն լուրերը, թե առաջիկայում հնարավոր է ՕԵԿ-ական նախարարները փոխվեն. «ՕԵԿ առաջնորդի հետ մենք երկար ճանապարհ ունենք»։