Մեկ-մեկու հրավերներ են փոխանցել
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը՛ Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Ջոու Լին տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար: Արթուր Բաղդասարյանը Ջոու Լիին խնդրել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը քննարկել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է «Օրինաց երկիր» կուսակցության հաջորդ համագումարին, ինչը սիրով ընդունվել է: Ջոու Լին էլ իր հերթին Չինաստան է հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին: