Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԼԻՊԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԿՏԱ ՞

Մշակույթ

Ֆիլիպ Կիրկորովը գրեթե առանց հոնորարի է համաձայնվել ելույթ ունենալ Երեւանում, այսպես հավատացրին այսօր երգչի երեւանյան հյուրախաղերը կազմակերպող, Դավիթ Մանուկյան ՍՊԸ ղեկավարները՝ մամլո ասուլիսի ժամանակ, որն, ի դեպ, լրատվամիջոցներից ոմանք դարձրին հայրենասիրական ելույթների գայթակղիչ ամբիոն:

Իսկ ինչու՞ են տոմսերն այդքան թանկ գնահատվել, այս հարցին պատասխան տրվեց, թե քաղաքապետարանը շահույթ ունի այս համերգից եւ գումարը տրվելու է «Երեւան» հիմնադրամին: Տեղեկացնենք, որ մեկ տոմսի արժեքը մարզահամերգային համալիրում վաճառվում է 10-ից 15 հազար դրամով, իսկ Նոր Ձորաբերդում 80-ից 150 դոլարով, նաեւ հիշեցնենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը հայտարարել է, որ Ֆիլիպին ոչ թե իրենք, այլ Մանուկյան ՍՊԸ-ն է հրավիրել:

«Մամլո ասուլիս չէինք պատրաստվում տալ, սակայն չէինք պատկերացնում , թե այս չափի հիստերիայի ալիք կբարձրանար», ասաց Մանուկյան ընկերության մամլո քարտուղար Թեհմինե Այրումյանը: Իրեն ոչ պակաս հայրենասեր համարող քարտուղարուհու համար անհասկանալի է, թե ինչու են «մարդիկ խուլիգանություն անում, անխնա պատառոտում են երգչին գովազդող թանկարժեք պաստառները, բողոքի ակցիաներ են կազմակերպում»: «Բա Սելին Դիոնի, Մրայա Քերիի հետ մի բեմում երգող երգիչն արժանի է՞ այդ վերաբերմունքին»:

Լրագրողներն էլ, թե «թուրքական դրոշով փաթաթվածին, ոնց համարես հայ, կամ մի մարդ, որը ամաչում է, որ հայ է, կամ մի ամբողջ ռեպերտուար լցրել է թուրքական երգերով եւ ի վերջո հայհոյել է հայ լրագրողուհուն»: Լրագրողներից մեկն էլ ասելով, որ եթե հակահայի պաստառ պատռելը խուլիգանություն է, ապա ինքը նույնպես խուլիգան է եւ կոչ արեց ներկաներին բոյկոտել Ֆիլիպ Կիրկորովի համերգը՝ դրանով արժանանալով ոմանց բուռն ծափահարությանը: Այս շրջադարձին չդիմանալով` Հերմինե Այրումյանը հայտարարեց՝ «միեւնույնն է, համերգը տեղի է ունենալու, մանավանդ, որ տոմսերի 30 տոկոսը արդեն վաճառվել է: «Խնդրում եմ չշահարկել այն, որ Ֆիլիպը չորս տարի առաջ թուրքական երգեր է երգել: Մարդը երգել է երգեր, ախր շոու բիզնես է, բայց ինքն էլ խոստովանել է, որ սխալ եւ չմտածված է գործել», շարունակեց Ֆիլիպին պաշտպանել քարտուղարուհին: Եղավ առաջարկ, որ եթե համերգն այնուամենայնիվ կայանա, ապա միայն այն պայմանով, որ Ֆիլիպ Կիրկորովն անձամբ մամլո ասուլիս հրավիրի եւ ինքն էլ պատասխանի այս բոլոր հարցադրումներին: