Հայաստանը առաջատար է մամուլի ազատության հարցում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը։ Հայաստանն այս տարվա զեկույցում 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ տեղը։ 2013թ․ ինդեքսում Հայաստանը 74-րդն էր՝ 179 երկրի շարքում։ Ըստ զեկույցի՝ Հարավային Կովկասում Հայաստանը, ինչպես և անցած մի քանի տարիներին, առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն ինդեքսում այս տարի 84-րդ հորիզոնականում է (անցյալ տարի եղել է 100-րդ տեղում), Թուրքիան՝ 154-րդ տեղում է (2013-ին Թուրքիան դարձյալ 154-րդն է եղել), Ադրբեջանը՝ 160-րդում (2013-ին եղել է 156-րդը), Իրանը՝ 173-րդում (անցյալ տարի եղել է 174-րդը)։ 2014թ․ մամուլի ազատության ինդեքսում ԱՄՆ-ը 46-րդ տեղում է՝ անցյալ տարվա 32-րդի համեմատ։ Ռուսաստանը կրկին 148-րդն է։