Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնեցին Անթալիա

Սպորտ
sport-futbol

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 4 թիմեր այսօր միասին մեկնում են Անթալիա, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ինչպես հայտնում է Երեւանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, «Բագրատտուր» ընկերության կազմակերպած չարթերային չվերթով ալաշկերտցիների հետ Թուրքիա են մեկնել նաեւ «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց» ֆուտբոլային թիմերը, ինչպես նաեւ մեր առաջնությունը սպասարկող 24 մրցավարները: Այդ թիմերին կմիանան նաեւ «Շիրակն» ու «Ուլիսը»: Հանրապետության չեմպիոնը Անթալիա կմեկնի ԱՄՆ-ից, որտեղ մեկշաբաթյա ուսհավաք անցկացրեց, իսկ ուլիսցիները Երեւանից` ավտոբուսով: Ուսհավաքի ընթացքում մեր թիմերը կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Մասնավորապես` «Բանանցը» կհանդիպի Մոսկվայի «Սպարտակ»-2-ի եւ չինական «Խանչժոու» թիմի հետ: Մյուս թիմերի մրցակիցները հայտնի կդառնան տեղում: Նշենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Միկան» ներկայումս գտնվում է Կիպրոսում, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այսօր մեր թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ: Հայաստանի առաջնության ներկայիս առաջատար Երեւանի «Արարատն» այս օրերին մասնակցում է Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվելու է մարտի 1-ին: