Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում ոտնահարում են ջավախահայերի իրավունքները

Քաղաքականություն
merujan

Քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը չի կիսում այն կարծիքը, թե Ջավախքում գործող և մեկ շաբաթ առաջ փակված «Հարավային դարպաս» թերթը և կայքը չի ապահովում ընթերցողների թիվը և չի արդարացնում ներդրած ֆինանսական միջոցները: Ըստ քաղաքագետի՝ կայքը փակել են հաշվի առնելով նրա որդեգրած քաղաքականությունը. «Վերջին ժամանակներս «Հարավային դարպաս» կայքը լրջորեն քննադատել էր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը», - ասաց քաղաքագետը։ Հայկազուն Ալվրցյանի խոսքով՝ Ջավախքում երբ հայկական լրատվամիջոցը կայանում է ու քաղաքական դիմագիծ է ձեռք բերում, անմիջապես գլխին տալիս են. «Նման արարքով Վրաստանի իշխանությունները ջավախցիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքն են ոտնահարում»։ Հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը վստահեցնում է՝ քանի դեռ Ջավախքը չունի մշակութային ինքնավարություն, նման խնդիրները շարունակվելու են։ Նա զարմացած է՝ ինչո՞ւ պետք է չկարողանանք Ջավախք հայկական թերթ ու ամսագիր տանել, եթե այնտեղ հեռարձակվում է հայկական հեռուստատեսությունը. «Եթե մի երկիր թույլ չի տալիս այլ երկրի թերթերը, դա ժողովրդավարական երկիր չի կարող համարվել», - նշում է Մերուժան Տեր- Գուլանյանը։