Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդվզման նոր ալիք՝ կուտակայինի պատճառով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
action-kutakayin

Անահիտը Ազգային ժողովի աշխատակից է, աշխատավարձ ստանալիս պարզել է, որ իր գումարից 5 տոկոս են պահել պարտադիր կուտակային կենսաթոշակի համար։ Աշխատակազմի 50 այլ աշխատակիցների հետ դիմել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին՝ վերադարձրեք մեր փողերը. «Իշխանությունները չեն, որ պետք ա մեզ պարտադրեն ինչպես ապրենք մեր երկրում»։ 90 հազար դրամ աշխատավարձից արված պահումներն անակնկալի են բերել նաեւ Սյուզաննային, նա եւս աշխատակազմի ղեկավարին դիմած աշխատակիցներից է։ Մտածում է, որ բոլոր միջոցներն էլ ազնիվ կլինեն իրենցից գողացած փողերը վերադարձնելու համար. «Ես խաղաղ մարդ եմ, ցանկալի է խաղաղ միջոցներով, բայց եթե հնարավոր չէ խաղաղ միջոցներով, ընդվզումը դա արդեն ոչ թե ցանկալի է, անհրաժեշտ է»։ ԲՀԿ-ական փորձագետները նույնպես դիմել են Գուրգեն Դումանյանին։ Նկարահանվել չեն ուզում, քանի դեռ աշխատակազմի ղեկավարը չի պատասխանել։ Մեկ ժամից, երբ արդեն հայտնի էր աշխատակազմի ղեկավարի պատասխանը, ԲՀԿ-ական փորձագետներն անհասանելի էին ։ Գուրգեն Դումանյանը օրվա կեսին արդեն պատասխանել էր իր 50 ենթականերին մոտավորապես այսպես՝ մեռնեմ օրենքին. «Որպես գործատու պարտավոր ենք 5 տոկոս պահումներն իրականացնել՝ չփոխանցելով որեւէ կուտակային հաշվեհամարի»։ Ի դեպ, հայտարարություն է տարածել նաեւ ՊԵԿ-ը. «Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները(ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն՝ նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»: Դիտեք նաեւ տեսանյութը