Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դդումների գործը կարճվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
1dd5ee84feb67312fac89760f5840918

Ոստիկանությունն այլեւս մտադիր չէ վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին՝ հոկտեմբերի 31-ին դդումով Բաղրամյան 26 գնալու համար: Ոստիկանությունն իր հայցն այսօր հետ վերցրեց դատարանից: Արգիշտի Կիվիրյանը խոստանում է. «Ես, իմ ներկայացուցիչները և համախոհները կհասնենք նրան, որ իրենք բոլոր գործերում փոշմանեն և հասկանան` պետք է դադարեցնել ապօրինությունների շղթան»: Հոկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, Հելոինի տոնի առիթով, Սերժ Սարգսյանին դդում նվիրելու համար մի քանի քաղաքացիների հետ միասին Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Ըստ Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանի` նրանց մի քանի ժամ ազատությունից զրկելու համար ոստիկանությունը որեւէ հիմնավորում չի ներկայացրել. «Նրանք պահանջ են ներկայացրել Արգիշտի Կիվիրյանին և 3 անձանց, որպեսզի նրանք աշխատանքային ժամին մոտենան և ներկայանան այն անձին, ով իրավունք ունի դդումը փոխանցելու նախագահին: Ստացվում է, որ նախագահականում կան անձինք, ովքեր դդում փոխանցող են»: Դդում նվիրելու արարողությանը ներկա է եղել նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, ում նույնպես այդ օրը բերման էին ենթարկել ոստիկանություն: Նա վստահեցնում է՝ նման ակցիաները շարունակական են լինելու. «Հայաստանի Հանրապետությունը գտնվում է դատարկության մեջ, և ղեկավարությունը իրեն դրսեւորում է դատարկ դդումի նման, սա կարող ենք փաստել, որովհետև եթե այդպես չլիներ, այսպիսի ահագնացող արտագաղթ և նման գաղջ մթնոլորտ չէր լինի»,- ընդգծեց Անի Կաղինյանը: Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ու իր փաստաբանը պատրաստվում են հայց ներկայացնել այն ոստիկանների դեմ, ովքեր 2013թ. հոկտեմբերի 31-ին իրենց 3 ժամից ավել ապօրինաբար զրկել են ազատությունից: Տարբեր միջոցառումների մասնակցելու համար ոստիկանությունն Արգիշտի Կիվիրյանի դեմ մի քանի հայց է ներկայացրել, որոնք դեռ ընթացքի մեջ են: