Աստված են կանչում, որ անձրև չգա
Արմավիրի մարզի Խորոնք գյուղ այցելությունից հետո նոր կոշիկների կարիք է զգացվում: Դեպի գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են: Գյուղի բնակիչերին մտահոգողը գյուղամիջյան ցեխոտ փողոցներն են: «Աստված ենք կանչում, որ անձրև չգա, թե չէ սաղ ցեխի մեջ կորում ենք, ձմռանն էլ, որ ձյունը հալում ա, ցեխում թավալվում ենք», - ասաց գյուղի բնակչուհիներից մեկը: Գյուղացիներից տիկին Սիլվայի խոսքով` իրենք ամռան փոշուց ու ձմռան ցեխից կրակն են ընկել. «Երեխեքը դրսում չեն կարողանում խաղալ, սաղ ցեխ ա, փոսեր, եթե մի քիչ անուշադիր քայլես, կընկնես ոտքդ ջարդես», - նշում է գյուղացին: Խորոնքի բնակիչների տեղեկացմամբ` գյուղի կենտրոնական փողոցները համայնքապետի ընտրությունից առաջ խճապատվել են: Սակայն գյուղացիները վստահեցնում են` նույնիսկ համայնքի կենտրոնական խճապատված փողոցները կիսաքանդ վիճակում են: Համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանի փոխանցմամբ` համայնքապետարանի միջոցներով գյուղի գլխավոր ճանապարհը պարբերաբար փոսալցվում է. «Բյուջեից 1 միլիոն դրամ հատկացրել ենք փոսալցման և գյուղամիջյան ճանապարհների խճապատման աշխատանքներին»,- ասաց Նահապետյանը և հավելեց` գյուղի փողոցներ են, պետք է էդպես լնի, կողքի գյուղի փողոցներն ավելի վատ վիճակում են: Խորոնքի գյուղապետը նշում է` մարզպետարանում տեղյակ են գյուղի ճանապարհների մասին: Ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում խոստացել են բարեկարգել Խորոնքի փողոցները: