Ինչու էր պապիկը հեռացել հիվանդանոցից
«Դուրս ա եկել, կորել, մի տեղ սառել, մնացել է», - հոր՝ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 74-ամյա Էդիկ Մադյանի մահվան հնարավոր տարբերակն այսպես բացատրեց որդին՝ Մարտին Մադյանը։ Հիշեցնենք՝ Էդիկ Մադյանը վիրահատությունից 5 օր հետո՝ հունվարի 22-ին, «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և կորել։ Թե ինչու է 74- ամյա Մադյանը նման քայլի դիմել՝ հարազատները դժվարանում են պատասխանել։ Որդու խոսքով՝ վիրահատությունից հետո Էդիկ Մադյանի մոտ հիշողության հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ տարեց մարդուն անհանգստացրած լիներ հիվանդանոցին մուծվելիք գումարի չափը, որդին պատասխանեց, որ վիրահատության գումարը դեռ չեն հասցրել մուծել հիվանդանոցին.«Հունվարի 21-ին պայմանավորվել էինք, որ գումարը տանենք տանք, գնացինք տեսանք, ինքն արդեն հունվարի 20-ի գիշերը հիվանդանոցից կորել էր», - ասաց Մարտին Մադյանը։ Տեղեկացնենք, որ «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Բալայանն «Ա1+»-ին հայտնել էր, որ հիվանդը հետվիրահատական բարդություններ, ինչպես նաև հիշողության հետ կապված խնդիրներ չի ունեցել։ Հիվանդը, ըստ բժշկի, խնդրել էր դուրս գալ մաքուր օդ շնչելու եւ հետ չէր վերադարձել։ Այսօր արդեն ոստիկանությունը հայտնեց՝ Շենգավիթի բաժնի ծառայողների և Էդիկ Մադյանի հարազատների որոնողական միջոցառումների արդյունքում` հունվարի 30-ին, ժամը 12.30-ին, Երևանյան լճի բետոնապատնեշի հետևի մասում հայտնաբերվել է Մադյանի դիակը` առանց բռնության հետքերի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: