ՀԱՕԿ-ն ուղարկել է անվանացանկը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտե է ուղարկել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցող մարզիկների եւ մարզիչների պաշտոնական անվանացանկը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: Աշոցքցի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը հանդես կգա չորս մրցաձեւում. սկիաթլոն` 15 կմ դասական ոճ եւ 15 կմ չմշկաոճ, արագավազք` 15 կմ դասական ոճ եւ 50 կմ ազատ ոճ: 24 –ամյա աշոցքցի դահուկորդ Արթուր Եղոյանը հանդես կգա սկիաթլոնի եւ արագավազքի 15 կմ դասական ոճում: Դահուկավազքում իր ուժերը կփորձի նաեւ գյումրեցի Կատյա Գալստյանը: Նա ելույթ կունենա 10 կմ դասական ոճում: Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը, որը բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Նովաթո քաղաքում: Նա Սոչիում հանդես կգա հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում: Մեր օլիմպիականները այժմ գտնվում են Հայաստանում: Դահուկավազորդները պարապում են Աշոցքում եւ Գյումրիում, իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը՝ Ծաղկաձորում : Նրանք մրցավայր կմեկնեն հունվարի 30 –ին, որպեսզի հաղթահարեն կլիմայավարժեցման փուլը, ծանոթանան մրցուղիներին: Սոչիում մեր պատվիրակության դրոշակակիրը կլինի Սերգեյ Միքայելյանը: Թիմի անդամները կներկայանան ռուսական Ֆորվարդ մարզահագուստով: Հիշեցնենք, որ 2014 թ օլիմպիական ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 7- 23-ը: