Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններն այցելում են ակտիվիստներին

Հասարակություն
akcia1

Այսօր առավոտից ոստիկանության աշխատակիցներն այցելում են «Դեմ եմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին» նախաձեռնության անդամների տներ: Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից` Երեւանի տարբեր հատվածներում բնակվող ակտիվիստների տուն այցելելով` ոստիկանության աշխատակիցները պատճառաբանել են, թե մոտակայքում վթար է տեղի ունեցել ու, պարզվում է, նույն այն մեքենայի մակնիշով, որից ունի տվյալ ակտիվիստը: «Ա1+»-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը պատմեց, որ այսօր առավոտյան, երբ ինքն արդեն աշխատանքի է եղել, իրենց տուն եւս այցելել են ոստիկաններն ու զրուցել ծնողների հետ. «Եկել, ինձ են հարցրել, ծնողներս հետաքրքրվել են` որն է պատճառը, ոստիկանները պատասխանել են, թե ինչ-որ վթար է եղել տարածքում, ուզում են իմ մեքենան նկարեն, իմ կոնտակտներն են ուզել, որ զանգեն, հանդիպեն ինձ հետ` պարզելու, թե եղե՞լ եմ արդյոք այդ վթարի մասնակից»: Թե Հակոբ Արշակյանը, թե նախաձեռնության մյուս անդամները հակված են այն կարծիքին, որ դա պայմանավորված էր երեկվա իրենց ավտոերթով: Հիշեցնենք` երեկ վաղ առավոտյան «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ավտոերթ էին անցկացրել` իրազեկելու հունվարի 18-ին Ազատության հրապարակում իրենց կազմակերպած հանրահավաքի, ինչպես նաեւ` եւս մեկ անգամ հիշեցնելու «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ»-ի բացասական հետեւանքների մասին: Ոստիկանության աշխատակիցներն ամբողջ ավտոերթի ընթացքում նկարում ու գրանցում էին ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների պետհամարանիշները: Հակոբ Արշակյանը չի պատրաստվում անձամբ զանգահարել ոստիկանություն ու ճշտել այցի իրական պատճառները. «Թող իրենք գան, հասկանանք` որն է պատճառը, միգուցե դա երջանիկ պատահականություն էր, թեեւ նման զուգադիպություններ ուղղակի չեն լինում: Հումորով եմ վերաբերվում այդ ամենին` երբ գան, անգամ կհյուրասիրեմ այդ ոստիկաններին: Նրանց ուղղակի հրաման են տվել, իրենք էլ կատարում են. նրանց ուղղակի պետք է բացատրել, որ լավ հրամաններ չեն կատարում: Իրենց գործելաոճն է` անցած տարիներին պարբերաբար նույն իրավիճակում հայտնվել են նաեւ ուրիշ ակտիվիստներ, դա գաղտնիք չէ բոլորի համար»: Նա կասկած չունի` այսպիսով ոստիկանության կողմից փորձ է արվում վախեցնել, որպեսզի մասնակիցները քչանան. «Քանի որ նման վտանգ են տեսել, սկսել են անհանգստացնել: Միայն այդպես կարելի է պատճառաբանել նրանց պահվածքը, քանի որ երեկվա ավտոերթի ժամանակ որեւէ խախտում կամ վթար տեղի չի ունեցել, եղել է նորմալ, հանգիստ ակցիա: Նրանք նաեւ մտածել են, որ դա ձնագնդիկի էֆեկտի բերի, որն, իմ կարծիքով, լինելու է»: Ոստիկանությունից մեզ վստահեցրին, որ իրենց աշխատակիցների այցի մասին իրենք դեռ տեղյակ չեն ու կկարողանան մեր հարցին պատասխանել օրվա 2-րդ կեսից հետո, երբ հասցնեն պարզել մանրամասները:       DEM EM   Ավելի ուշ ոստիկանությունը հերքեց, թե ոստիկանները նման այցելություններ են արել։