Հայաստանում շուտով մկրատ կտպենք
«Մկրատի տպագրություն». առաջին հայացքից անհավանական թվացող այս գաղափարը մոտ ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել հենց Հայաստանում: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց «Անտարես մեդիա հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` նման հնարավորություն են տալիս 3D սարքավորումները, որոնք արդեն պատվիրել է «Անտարես մեդիա հոլդինգը»: Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ դա 3D տպիչ է, որը հատուկ նյութերով է տպագրում: «Փաստորեն, նա շերտ-շերտ տպագրում է, մինչև-որ կդառնա մկրատ»,- նշեց նա: Ժամանակին նույնքան անհավանական էր թվում բուրմունք տպագրելու գաղափարը: Այսօր, ըստ Արմեն Մարտիրոսյանի, այն հասանելի է բոլորին։ Այն հնարավոր է դառնում նանո չափսի կապսուլաների օգնությամբ, որոնք տրորելու արդյունքում պայթում են և արձակում հոտ: Հոլդինգն այսօր բազմաթիվ պատվիրատուներ ունի, որոնց մեծ մասը արտերկրից են: «Անտարեսի» ղեկավարի փոխանցմամբ` հիմնական շուկան մոսկովյան շուկան է: Բարձր տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու մասին խոստումներ տվող կառավարությունից պարոն Մարտիրոսյանն այսօր մեկ բան է խնդրում. «Թող չխանգարի, իրա օգնությունը չենք ուզում»: Ի դեպ, օրերս էլ «Բի-Բի-Սի» ռուսական ծառայությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ 3D սարքը շոկոլադ էր տպում։ «Անտարես» հոլդինգի տնօրենի խոսքերով՝ իրենք Հայաստանում դեռ մտադիր չեն սննդամթերք տպել։