Վերնիսաժում գույները չեն խամրում (տեսանյութ)
Նույնիսկ ձմռան սաստիկ ցուրտը չի խամրեցնում Վերնիսաժի գույները։ Տարվա բոլոր եղանակներին Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայքում նույն նկարիչներն են՝ իրենց տարբեր ոճերի կտավներով։ Նկարիչները կատակով նշում են՝ ցուրտ օրերին իրենց տաքացնում է անտեսանելի ջեռուցման համակարգը։ 52 տարի նկարչությամբ զբաղվող Սամվել Հարությունյանը վստահեցնում է, որ ակրիլով ու յուղաներկով ստեղծված կտավները ցրտից կամ ձյունից չեն վնասվում։ «Նորագույն ներկերից երեւի ամենահարմարը սա է»,-ասաց նկարիչը։ Սարյանի արձանի հարեւանությամբ Սամվել Հարությունյանը նկարներ սկսել է վաճառել 1996թ-ից, երբ ստեղծվեց Երեւանի մշակութային կենտրոն կազմակերպությունը։ Դրանից առաջ այս տարածքում նկար վաճառելն անօրինական էր համարվում։ Նկարիչն ասում է՝ իսկական Վերնիսաժը հենց այստեղ է եւ ոչ՝ Խանջյան փողոցի հարեւանությամբ գործողը։ «Խանջյան փողոցի մոտ գտնվողը իսկական շուկա է, եթե նկարի կողքը կոշիկ ես վաճառում կամ ուրիշ բան, դա եղավ Վերնիսա՞ժ։ Էստեղ է նկար, սա է Վերնիսաժը»,-նշեց Սամվել Հարությունյանը։ Տարվա այս եղանակին, շաբաթ եւ կիրակի օրերին Վերնիսաժում նկարիչները կանգնում են 2-3 ժամ։ Չեն դժգոհում. իսկական արվեստ գնահատողը 20 աստիճան ցրտի դեպքում էլ է նկար գնում։ «Վաճառքը միշտ էլ կա, շարժը միշտ էլ կա։ Հիմնականում տեղացին է գնում։ Ասում են, որ արտասահմանցին է առնում, բայց տեղացին շատ ավելի է գնահատում, քան արտասահմանցին»,-նշեց մեկ այլ նկարիչ Արարատ Հարությունյանը։ Վերնիսաժում նկարները վաճառվում են՝ սկսած տասը հազար դրամից մինչեւ մի քանի հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նկարիչների խոսքերով, գնորդները նախընտրում են նկարչության բոլոր ուղղությունները։