Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ ԿԱՄ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԻՐԱՔ

Քաղաքականություն

«Իրաքում իրավիճակը բավականին ծանր է, եւ այնտեղ խումբ ուղարկելու որոշումը հեշտ որոշում չէր»,-այսօր օդանավակայանում հայկական ուժերին Իրաք ճանապարհելիս լրագրողներին ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նա հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը ողջունել է ոչ մարտական ստորաբաժանումը Իրաք ուղարկելու եւ նրանց արժեքավոր հմտություններն Իրաքում կայունության ու ժողովրդավարության ապահովման կարեւոր առաքելությանը ծառայեցնելու ՀՀ իշխանությունների որոշումը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուղերձի խոսքում ասաց, որ պատերազմ տեսած հայ մարդը ավելի լավ է զգում պատերազմող ժողովրդի վիճակը. «Մեր առաքելությունը նվիրված է մարդկային կյանքեր փրկելու գործին: Հայ ժողովուրդը իր օրհասական պահերին բազմիցս տեսել է միջազգային հանրության օգնությունը: Այսօր մեր հերթն է ձեռք մեկնելու պատերազմի կործանիչ արհավիրքի մեջ հայտնված իրաքցի ժողովրդին: Վստահ եմ, որ նման օգնության ցուցաբերումը արժանավայել է հայ զինվորականին: Բոլորիս երազանքն է իհարկե, որ աշխարհի ոչ մի անկյունում նման առաքելությունների անհրաժեշտություն չլինի»:

Սերժ Սարգսյանը Իրաք մեկնող 46 հոգուն վստահեցրեց, որ վերջիններս անգնահատելի ծառայություն են մատուցում ոչ միայն Իրաքի բարեկամ ժողովրդին, այլեւ մեր հայրենիքին՝ հայրենի զինված ուժերի հզորացմանը, ամրապնդմանը եւ նրա միջազգային վարկի բարձրացմանը:

Ի դեպ, Ջոն Էվանսը, պատսախանելով լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ Հայաստանը կարող է ունենալ Իրաք զորախումբ ուղարկելուց հետո, դիվանագիտորեն ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավականին բավականին լավ են, իսկ սրանից հետո էլ ավելի կսերտանան անվտանգության հարցում:

Այսպիսով, այսօր Իրաք մեկնեցին 30 վարորդ, 10 սակրավոր, 3 բժիշկ, եւ 3 հրամանատար: Նրանք մոտ 15 օր Քուվեյթում վերապատրաստվելուց հետո կմեկնեն Իրաք՝ բժիշկները` Քարբալա, որտեղ գտնվում է բազմազգ հոսպիտալ, որտեղ էլ ծառայելու են մեր բժիշկները, մյուսները` Ալ Հիլլա, որը 120 կմ է հեռու Բաղդադից եւ Ալ Դիվանիա:

Պայմանագիրը կնքված է մեկ տարով, եւ 6 ամիս հետո այսօր մեկնած խումբը կվերադառնա հայրենիք, նրանց կփոխարինեն մյուս 50 հոգին:

Ի դեպ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից «Ա1+»-ը տեղեկացավ, որ նրանցից յուրաքանչյուրի կյանքը ապահովագրված է՝ 10 հազար դոլարով: Խոստացված գումարները՝ յուրաքանչյուրին 1000 դոլար գումարած հայրենիքում իրենց աշխատավարձը, վճարվելու են բյուջետային միջոցներից: