Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի դեռ ողջ եմ...»

Հասարակություն
48d93916817a1632a14e911953581347

«Քանի դեռ ողջ եմ, ուզում եմ ապրել կյանքս այնպես, ինչպես իրականում ուզում եմ...» Ահա այս գրառումն առաջինն էր, որ հայտնվեց սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրված «Քանի դեռ ողջ եմ...» (Before I die) պատի վրա:

Պատի բացումը իրականություն դարձավ մի խումբ նվիրյալ երիտասարդների եռանդուն ջանքերի և «Օսըմ» (Awesome) հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ:

Ըստ համաշխարհային փիլիսոփայության՝ մահվան մասին պարբերաբար մտածելը հզոր գործիք է, որի միջոցով կարելի է վերանայել մեր նպատակներն ու իղձերը, և որը հիշացնում է մեզ այն ամենի մասին, ինչն իմաստավորում է մեր կյանքը: Հասարակական վայրերը մարդկանց համօգտագործման տարածքներ են, որոնք կարող են օգնել մեզ՝ պատկերացում կազմելու մեզ շրջապատող մարդկանց կյանքի գեղեցկության ու ողբերգականության մասին:

Շատ հաճախ մենք ժամանակ չենք գտնում կանգ առնելու և խորհելու մեր կյանքի դեռևս չիրականացած, սակայն ամենաբաղձալի երազանքների մասին:

Արվեստագետ Կենդի Չանգը, ով ուսումնասիրում է կապը հասարակական վայրերի, ժողովրդավարության և մշակութային ու անձնական ինքնադիտողության միջև, Նոր Օռլեանում ստեղծեց «Before I Die» պատը, որը միտված էր հասկանալու, թե ինչն է կարևոր նրան շրջապատող մարդկանց համար:

Սա ժամանակակից արվեստի տարատեսակ է, որը մեզ հնարավորություն է տալիս կյանքի շուրջ մտորելու և մեր ձգտումների մասին պատմելու մարդկանց: Այն միջավայր է ստեղծում, որտեղ մարդիկ կարող են միմյանց փոխանցել անձնական ապրումները: Այստեղ կարելի է նաև մտորել և կիսվել մարդկանց հետ մեր կյանքի կարևոր և թանկ երազանքների մասին:

2013 թ. հուլիսին «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում, աշխատող ուսանողների թիմը նախաձեռնեց և իրագործեց «Եղեգեաց փառատոնը»։ «Եղեգնաձորն ավելի լավը կդառնա, եթե...» վերտառությամբ պատը դարձավ մի վայր՝ տեղացիների ցանկությունները բարձրաձայնելու համար։ Այս փորձն էլ հիմք դարձավ՝ զարգացնելու միտքը և նախաձեռնությունն իրագործելու Երևանում։

Ամբողջ աշխարում ստեղծվել է ավելի քան 200 նման «պատ»` շուրջ 15 լեզվով և 40 երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թաիլանդում և Հարավային Աֆրիկայում:

«Before I Die» գիրքը, հրատարակված «St. Martin's Press»-ի կողմից, դարձավ այս բոլոր պատերի և դրանց ետևում գտնվող պատմությունների պսակը: Համեմված լինելով մարդկանց հույսերով ու վախերով, հումորով ու ցավով՝ այս գիրքը հնարավորություն է տալիս խորհելու յուրաքանչյուրիս կյանքի հիմնական հարցի շուրջ:

«Publishers Weekly» շաբաթաթերթն այն անվանեց «հզորագույն ու արժեքավոր հիշեցում այն մասին, որ կյանքն ապրելու համար է, և երբեք չափազանց ուշ չէ կամ չափազանց շուտ անել այն, ինչ ուզում ենք...»:

Նախաձեռնող խումբ՝

Նարեկ Սարիբեկյան, Ինեսա Թադևոսյան, Վահագն Վարդանյան, Ինեսսա Ալավերդյան,
Քրիստինե Մելքոնյան, Միքայել Պետրոսյան, Մարիամ Սաֆարյան,
Նարեկ Միսակյան, Հայկ Ծատուրյան, Արմեն Ներսեսյան,
Վիտալի Ավագյան, Արամ Կոստանյան