«Արևը և՛ բուժում է, և՛ հիվանդացնում» (տեսանյութ)
«Արևը և բուժում է, և հիվանդացնում»։ Հին Արևելյան այս ասացվածքի հետ համամիտ է նաև մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը։
«Արևի ազդեցությունը մաշկի վրա միանշանակ բազմաթիվ դրական կողմեր ունի. մաքրում է մեր մաշկը բազմաթիվ միկրոբներից, նպաստում է որոշ վիտամինների սինթեզին, թարմացնում է մաշկը,այն լավ տեսք է ստանում»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Մաշկաբանը միաժամանակ հորդորում է գեղեցիկ արևայրուք ունենալու համար արևի տակ երկար չմնալ, այլապես վտանգավոր հետևանքներն անխուսափելի են. «Բոլոր այն տեսակի արևայրուքները, որոնք կամ արհեստական ճանապարհով են ստացել, կամ ավելի մեծ քանակով արևի ազդեցության տակ, մուգ մաշկերը, դրանք կարող են հիվանդության պատճառ հանդիսանալ, անգամ ուռուցքային հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ»։
Բացասական հետեւանքներից խուսափելու համար բժիշկ Հովհաննիսյանը հուշում է արևայրուք ստանալու ճիշտ ժամերը. «Մինչև ժանը 12-ը և ժամը 16-ից հետո։ 12-4-ն ընկած ժամանակահատվածում արևը հակացուցված է ցանկացած քանակով, անգամ ամենամինիմալ քանակով»։
Մաշկաբանի խոսքերով, արևայրուք ընդունելուց առաջ պետք է հիշել, որ կոպերը և դեմքը մարմնի ամենանուրբ հատվածներն են։ Պետք է կրել արևային ակնոց և գլխարկ։ Իսկ եթե նկատում եք, որ մաշկը այտուցվել է, այրվածքներ կան, անպայման պետք է բժշկի դիմել։