Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ ուզում, որ օժիտ տանք» (տեսանյութ)

Քաղաքականություն
56c5914b8bf4748a2d26aeb0bc1ce6dd

Այսօր ԱԺ արտահերթ նիստին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր՝ ինչքա՞ն գումար չպետք է մուտաքագրվի բյուջե «Դիլիջանի միջազգային դպրոց»-ին տրամադրվելիք արտոնությունների արդյունքում. «Դպրոցաշինության դոնորների ցանկում ներառված բարերարները բավականին հայտնի մեծահարուստներ են, ինչո՞ւ նրանք այդ մի քանի մլն դոլարի արտոնություններն իրենք չեն տրամադրում, այլ մենք պետք է տանք»:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ընդամենը 8-8.5 մլն դոլարի սահմաններում են լինելու արտոնությունները. «Դա այն ծրագրի իրականացնում է, որ կար Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերում, որ պետությունը օժանդակելու է ու արտոնություններ է տալու նրանց, որոնք խոշոր ներդրումներ կանեն երկրում: Հավատացեք՝ մենք տասնապատիկ ավելի օգուտ ենք ստանալու»:

Զարուհի Փոստանջյանն ավելացրեց, որ սա կասկածելի ծրագիր է. «Եթե բարերարները իրապես ցանկանային իրականացնել ազնիվ ծրագիր, մեզնից արտոնություններ չէին հայցի: Դուք ուզում եք հետադարձ ուժ տալ այն աշխատանքներին, որոնք իբր նրանք իրականացնում են»: Սուրեն Կարայանը հայտարարեց, որ իրեն մնում է մեկ առաջարկ անել տիկին Փոստանջյանին. «Խնդրում եմ՝ այցելեք Դիլիջան ու տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ ու զգացեք արդեն եղած արդյունքները»:

Տիկին Փոստանջյանը շարունակեց իր միտքը՝ ասելով. «Բարերարը պետք է հրապարակային հանդես գա, եթե կան չարաշահումներ, այլ ոչ թե նեղանա, գնա: Ես չեմ կարծում, որ այսպիսի գործարքների շնորհիվ պետք է գցված այդ գումարները վերադարձվեն մեր պետության կողմից: Եթե 15 բարերարներից յուրաքանչյուրը մեկ ու կես մլն դոլար տար, այդ արտոնությունների հարցը կլուծվեր: Մենք գործ ունենք կոռուպցիոն գործարքի հետ: Ի դեպ, ուզում եմ ասել, որ ճիշտ է, գցող բառը չկա Քրեական օրենսգրքում, սակայն ամրագրված է գողացող, խարդախություն, յուրացում բառերը, իսկ այս ամենի գլխավոր մեղավորը գտնվում է Բաղրամյան 26-ում»:

Նա հայտարարեց, որ որեւէ մեկը երաշխիք չունի, որ այդ դպրոցը վաղ թե ուշ չի դառնալու բնակարանի առքուվաճառքի մի գործարք, քանի որ մինչ օրս ԱԺ-ն դեռ չի տեսել ուսումնական որեւէ ծրագիր. «Դեմ ենք քվեարկելու այս նախագծին»:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հայտարարեց, որ դպրոցաշինության այս ծրագրով հնարավոր կլինի ավելացնել հարկային եկամուտնեը եւ նաեւ կանխել արտագաղթը. «Ես չեմ ուզում, որ օժիտ տանք այդ արտոնությունները, այլ բաց դռների քաղաքականություն վարենք, հակառակ դեպքում հաջողություն չենք ունենա»: