ՊՆ. «Խաչատուրովի տղան չի ծեծել»
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ զինվորների ծեծելու վերաբերյալ տեղեկատվությունը Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Արծրուն Հովհաննիսյանն անհիմն որակեց:
«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ Յուրի Խաչատուրովի որդին, որը Դիլիջանի հրետանային զորամասի զորամիավորման հրամանատարի տեղակալն է, այդ զորամասում եղել է 10 օր առաջ:
«Ես չգիտեմ` որտեղից են բխում եւ ինչ պատճառով են տրվում նման լուրեր: Ծեծի փաստ չի եղել: Յուրի Խաչատուրի որդին այդ զորամասում եղել է մոտավորապես 10 օր առաջ եւ եթե կան փաստեր, անուն-ազգանուններ, թող ներկայացնեն»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների:
Նաեւ նշվել է, որ զինվորներից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ, իսկ Զորիկ անունով զինվորին, որի վիճակը չափազանց ծանր է եղել, Խաչատուրովի որդին իր ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը: