Մանվել Գրիգորյան. «Բա ի՞նչ գրեի»
Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը կառավարության հավանությանն է արժանացել և ընդգրկվել է հունիսի 17-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Հարցազրույցը Parliamentmonitoring կայքի։
-Ազգային Ժողովում Ձեր համահեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին մի օրինագիծ: Ինչո՞ւ և ինչպե՞ս առաջացավ այդ օրենքի անհրաժեշտությունը:
-«Ինչո՞ւ և ինչպե՞ս»-ի մասով ասեմ, որ օրենքի անհրաժեշտությունը միշտ էլ եղել է: Բա մեր հաղթական ազատամարտի մասնակիցները ուշադրության կարիք չունե՞ն: Բա պետությունը պետք է միջոցները խնայի՞ հայոց պետականությունը, Արցախի պետությունն իրենց արյամբ, իրենց առողջության գնով կայացրածների համար: Եթե պատերազմին մասնակցած կամավորներին չհարգենք, չպատվենք, նրանց համար ամեն հնարավորը չանենք, մեր պետությունը, մեր ազգը ապագա չեն ունենա: Ես հենց այս խավի շահերը ներկայացնելու համար եմ եկել Ազգային Ժողով, օրենսդրական փաթեթի վրա էլ աշխատում եմ արդեն 7-8 ամիս: Հանդիպել եմ, զրույցներ եմ ունեցել հազարավոր երկրապահների հետ, խնդիրը ներկայացրել եմ Հանրապետության նախագահին, ով նույնպես մեր մարտական ընկերն է և մեզ լավ է հասկանում, խնդիրը ներկայացրել եմ պաշտպանության նախարարին, ԱԺ նախագահին, ովքեր նույնպես ուշադիր են պատերազմի մասնակիցների նկատմամբ: Ասեմ, որ ներկայացրել ենք օրենսդրական փաթեթ' «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ և լրացում «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության երաշխիքների մասին» օրենքում:
-Նախագծում նշվում է, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ կարող է տրվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ և կառավարության սահմանած կարգով: Կոռուպցիոն ռիսկերի առաջացման մտավախություն չունե՞ք:
-Բա ի՞նչ գրեի: Գրեի' իբրև ԵԿՄ վարչության նախագահ ես եմ որոշում, թե ում տալ կարգավիճակ, կլինե՞ր: Նման խնդիրների կարգավորման առավել ընդունելի տարբերակ առայժմ հայտնագործված չէ: Մենք ուշադիր պետք է լինենք: Ես վստահ եմ, որ կարգավիճակը կտրվի օրինագծի տառին համապատասխան' բոլոր նրանց և միայն նրանց, ովքեր 1989-1994 թվականներին մասնակցել են մարտական գործողությունների կամ մարտական գործողությունների գոտում կամավոր մասնագիտական աջակցություն են ցուցաբերել: Մոտեցումը շատ օբյեկտիվ է և արդարացի:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ պատերազմի հետ կապ չունեցողներին կարգավիճակ տրվի' հաշվի առնելով այն, որ այսօր բանակի հետ կապ չունեցողներին մեդալներ են շնորհվում:
-Նախ' Ձեր գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել: Մեդալներ կարող են տրվել նաև մտավորականների, բժիշկների, գրողների, տարբեր խավերի ներկայացուցիչների, որոնք ավանդ են ունեցել, այսօր էլ ավանդ ունեն
Հայաստանի Հանրապետության և Արցախի կայացման գործում: Մեդալն այլ բան է, կարգավիճակը, սոցիալական պաշտպանվածությունն' այլ: Մեր օրինագիծը հստակ սահմաններ է գծում ու հնարավորություն չի տալիս կարգավիճակ տալ անձանց, ովքեր փաստացի ռազմական գործողությունների գոտում չեն եղել: Հենց մեկը ես թույլ չեմ տա նման բան, որովհետև ինձ համար շատ թանկ է պատերազմում զոհված մեր ընկերների հիշատակը, շատ թանկ է Վազգեն սպարապետի հիշատակը, շատ թանկ է այսօր ապրող քաջերի առողջությունը:
-Ընդհանրապես ի՞նչ արտոնություն է տալու այս կարգավիճակը ազատամարտի մասնակիցներին, սոցիալական խնդիրների լուծում, մասնավորապես, դրանով նախատեսու՞մ է:
- Սա խնդրի բարոյական կողմն է, իրավական հիմքերն են ստեղծվում, որ պետությունը, երբ հնարավորություն ունենա, քայլ առ քայլ լուծի իր երկրապահ կամավորականի իրավական խնդիրները, սոցիալական խնդիրները: Սահմանվում է, որ հավասար են թե այսօրվա զինծառայողը, թե նրանք, ովքեր իրենց կյանքն են վտանգել 1989-94 թվականներին: Գեներալ, թե զինվոր, շարքային թե մտավորական, բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, եթե մասնակցել են պետության կայացմանը, սահմանների պաշտպանությանը: Հետագայում արդեն փաթեթով կաշխատենք ողջ այս խավի համար: Սա անչափ կարևոր քայլ է' պետությունն ընդունում է իր երկրապահի կարգավիճակը, կարգավիճակի պետականորեն ճանաչումը ոչ այնքան այսօրվա ազատամարտիկներին է հարկավոր, որքան սերունդներին: Պետականորեն պետք է ճանաչվի կարգավիճակը, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո այսօրվա հերոսների որդիները, թոռները, ծոռները հպարտանան, ասեն' իմ հայրը, իմ պապը Հայաստան պետության կայացման համար, սահմանների պաշտպանության համար, Արցախի կայացման համար գործ են արել: Սա ավելի կարևոր է, քան սոցիալական արտոնությունների հատկացումը; Իսկ արտոնություններ շարունակաբար կընձեռվեն' պետության հզորացման, ռեսուրսների, հնարավորությունների ավելացման հետ:
-Այս օրերին բազմաթիվ ազատամարտիկներ բողոքի ակցիաներ' նստացույց են կազմակերպում Ազատության հրապարակում, կառավարության շենքի առջև: Փորձե՞լ եք անձամբ լսել նրանց, արդարացի՞ է նրանց բողոքը:
-Ես չասացի՞, որ հազարավոր երկրապահների եմ անընդհատ հանդիպում: ԵԿՄ կարևորագույն խնդիրներից է զոհվածների, անհայտ կորածների, հաշմանդամների ընտանիքների, պատերազմի մասնակիցների սոցիալական և իրավական պաշտպանվածությունը: Մենք այդ գործունեությունը սկսել ենք դեռ ռազմի դաշտից: Երբ առաջին զոհերն ունեցանք, արդեն իսկ սկսեցինք մեր առջև այսօրինակ խնդիրներ դնել: Մենք մեկ առ մեկ գիտենք ամեն մի ազատամարտիկի հոգսը, ոչ ոք չի կարող այս խավի իրական վիճակի, իրական խնդիրների մասին ավելի լավ պատկերացում ունենալ, քան ԵԿՄ-ն: Դուք 50 հոգու եք տեսնում, ես ամենօրյա աշխատանք եմ տանում հարյուր անգամ այդպիսի 50 հոգու հետ, հարյուր հիսուն անգամ այդպիսի 50 հոգու հետ: Եթե այդքան լավ պատկերացնում եք իրավիճակը, կասե՞ք ով է ԵԿՄ-ից ավելի շահագրգիռ ազատամարտիկների խնդիրների կարգավորմամբ, ո՞վ է փաստացի զբաղվում դրանով: Իսկ այս տղաների համար ինչ էլ արվի, ինչքան էլ արվի' քիչ է:
-Մի քանի հարց էլ Ձեր օրենսդրական գործունեության մասին: Դուք սովորաբար ԱԺ ներկայանում եք նիստերի սկզբում, ելույթներ չեք ունենում և քվեարկությունից հետո հեռանում անվերադարձ: Ինչո՞ւ:
-Եթե կարծում եք' պատգամավորի աշխատանքը միայն նիստերին ներկա լինելն է, սխալվում եք: Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո էլ, եթե նկատել եք, շատ հաճախ դեռ երկար ժամանակ եմ անցկացնում աշխատասենյակում: Նույն այս աշխատանքիս շարունակությունն են ընդունելությունները, որ ունենում եմ Երկրապահ կամավորականների միությունում:
- ԱԺ նախագահը հայտարարեց, որ նիստերից բացակայող պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Մտավախություն չունե՞ք, որ կհայտնվեք ԱԺ նախագահի թիրախում:
-Ես ասացի, որ եկել եմ ԱԺ աշխատելու, երկրապահների խնդիրներին հետամուտ լինելու: Եվ նիստերին էլ միշտ մասնակցում եմ: Կարծում եմ' այդ հարցն ինձ չի ուղղված:
-Պարոն Գրիգորյան, օրենսդրական գործունեության մեջ այնքան էլ ակտիվ չեք: Ինչո՞ւ այնուամենայնիվ նախընտրեցիք խորհրդարանը և ոչ թե բանակը:
-Այդ հարցին, կարծես, պատասխանեցի: Ես բանակում էի, առաջին գծում էի բանակի կազմավորումից էլ առաջ, պատերազմի ամենաթեժ պահերին եղել եմ ամենավտանգավոր տարածքներում: Հիմա էլ բանակում եմ: Երկրապահը բանակի ռեզերվն է: Բա 35 000 անդամ ունեցող երկրապահը բանակ չէ՞: ԵԿՄ-ում կան հարյուրավոր գնդապետներ, հազարավոր սպաներ և շարքայիններ: Եվ այս կառույցը հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած բանակ է: Քանի ապրում եմ' շարքում եմ: Իսկ այսօր մարտական ընկերներիս հորդորով եկել եմ ԱԺ, որպեսզի տեր կանգնեմ իրենց պահանջներին: ԱԺ էլ եկել եմ, որովհետև անվերապահ վստահում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով մեզ հետ է եղել խրամատում և երկրապահ է հոգով ու ողջ էությամբ:
-Բանակի պատասխանատուները վստահեցնում են, թե բարեփոխումներ են կատարվում, սակայն պարբերաբար լսում ենք զինվորի մահվան մասին լուրեր: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
- Ինչպե՞ս պետք է վերաբերվի հայ մարդը հայ զինվորի, հայ սպայի, հայրենիքի պաշտպանի մահվան մասին լուրերին: Ցավալի դեպքեր են դրանք: Պետք է ամեն ինչ անենք նման դեպքերը բացառելու համար: Իսկ առաջ ավելի լա՞վ էր, որ այդ լուրերը չէինք լսում, բայց փաստերը կային: Հիմա բանակի ղեկավարությունն էլ ամեն ինչ անում է հրապարակայնություն ապահովելու համար: Ի դեպ, ողջ հանրությունը, հասարակական ինստիտուտները' ընտանիք, դպրոց, բուհ, պետք է նպաստեն մթնոլորտի դրական փոփոխմանը:
-Պարոն գեներալ, ըստ պաշտոնական վիճակագրության, արտագաղթի տեմպերն աճել են: Ձեր կարծիքով' ինչո՞ւ են լքում երկիրը:
-Կա արտագաղթ: Դա ևս ցավալի իրողություն է: Հիմնական պատճառը սոցիալական վիճակն է: Այս խնդիրները նախագահ Սերժ Սարգսյանը դրել է կառավարության առջև, բոլոր պատասխանատուների առջև, շատ խստորեն է դրել: Պետք է որ առաջիկա մեկ տարում արդեն դրական տեղաշարժը նկատելի լինի ամբողջ հասարակության համար: Հավատանք մեկմեկու, լինենք միասնական և առաջխաղացում պարտադիր կլինի: