Վարչապետը մեղադրանքներին հանգիստ է վերաբերվում (տեսանյութ)
Մինչ կամփոփեր 2012թ. բյուջեի կատարողականին, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ իրեն ուղղված պատգամավորների մեղադրանքներին:
Նա մասնավորապես խոսեց օֆշորային գոտում իր անունով ստեղծված ձեռնարկությանը, որի նպատակն էր խլել ինչ-որ մեկի բիզնեսը. «Բիզնեսին փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհասկանա, որ դա անհեթեթ սխեմա է: Այդպիսի անհեթեթ սխեմա իմ մտքով չէր էլ կարող անցնել: Օրինակ՝ որեւէ մեկը օֆշորային գոտում չի կարող ձեռնարկություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի անունով՝ առանց նրա համաձայնության: Այս հարցի հետ կապված անհրաժեշտ բացատրություն ես հրապարակային ձեւով արդեն տվել եմ՝ ես ինքս չեմ գրանցել որեւէ ձեռնարակություն ու որեւէ մեկին չեմ լիազորել»:
Նրա համոզմամբ՝ մամուլի նման հրապարակումները բոլորովին այլ նպատակ ունեն. այս եղանակներով փողեր չեն լվանում, եւ եթե ուզում ես մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձեւ է. «Ես հանգիստ եմ վերաբերում նման մեղադրանքներին, քանի որ դա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Նման սկանդալային պատմություններ վերջին 20 տարում շատ են կապվել իմ անվան հետ: Իբր ես դղյակներ ունեմ, պարզվում է նաեւ, որ ես «Նաիրիտ»-ի սեփականատերն եմ: Դեմոոկրատական զարգացումը հենց սա էլ ենթադրում է»:
Պարոն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն ընդունել ու կիրառում են մի կարեւոր օրենք, ըստ որի՝ հինգ հարյուր պաշտոնյաների ունեցվածքը պետք է հանրային սեփականություն դառնա. «Շատերն ասում էին՝ դա մի արեք, քանի որ դա քաղաքական սպեկուլյացիայի առարկա կարող է դառնալ, սակայն դա ճիշտ ճանապարհ է, որ պաշտոնյան կաշկանդված լինի՝ իմանալով, որ նա հասարակության խոշորացույցի տակ է: Հիմա թիրախը ես եմ, ու ես պետք է պատրաստ լինեմ ու կարողանամ բավարար ապացույցներ ներկայացնել»:
Ինչ վերաբերում է 2012թ. բյուջեի կատարողականին, ապա նա նշեց, որ 2600 էջի վրա շարադրված հաշվետվության մեջ իրենք ապացուցում են, որ իրականացրել են հավասարակշռված քաղաքականություն»: