«Վարդան, արի քո մասին էլ եմ ասելու»
Կոռուպցիան պետական համակարգում ցանցաթաղանթի է վերածվել: Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով 2012թ. պետական բյուջեի կատարողականին:
«Մենաշնորհը խեղդամահ է արել ՓՄՁ-ն, օրենքի գերակայությւոնը բացակայում է մեր երկրում: Պետությունն այսօր հեռանկար չունի, կոռուպցիան բարձրագույն իշխանական երեւույթ է դարձել. եթե պետությունը չհովանավորի այն, ապա կոռուպցիան իր ոտքերը վերմակից ավել չի ձգի: Մենք դարձել ենք բարձրագույն իշխանության ձեռքին ստրուկ: Չեմ ուզում բայղուշությամբ զբաղվել, սակայն այս զարգացումները կարող են բերել սոցիալական լարվածության, որն էլ կհանգեցնի բունտերի»,- հայտարարեց պարոն Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պետական բյուջեն տարեվերջին 25 տոկոսով շեղում է տվել տարեսկզբին ներկայացված սկզբնական ծրագրից. «Սա նշանակում է, որ կատարողականը թերկատարման արդյուքնում արհեստականորեն բարձրացվել է: Այս ցուցանիշները ոչ ռազմավարական, ոչ կոնցեպտուալ մոտեցման արդյունք են: Մենք բնականաբար այսպիսի բյուջեն չենք կարող հաստատելու»:
Նրա ելույթի ժամանակ նիստերի դահլիճ մտավ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: «Վարդան, արի քո մասին էլ եմ ասելու»,- արձագանքեց Արամ Մանուկյանը: Պարոն Այվազյանը նստեց իր տեղը ու ձեռքն ականջին դրած, ժպտալով սկսեց լսել նրան: Արամ Մանուկյանն այդ պահին անդրադառնում էր հանքերի շահագործմանը: Քիչ անց Վարդան Այվազյանը զարմանք արտահայտող հայացքով ման եկավ նիստերի դահլիճով, ապա՝ անմիջապես դուրս եկավ դահլիճից:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց, որ իրենք իշխանական կոալիցիայի մաս չկազմեցին, որովհետեւ այս կառվարության գործունեության հետւանքներն ի սկզբանե կանխատեսելի էին, եւ հետեւաբար ԲՀԿ-ն անբավարար է գնահատում բյոջեի հաշվետվությունը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնավորապես անդրադարձավ Որոտանի ՀԷԿ-ին՝ հայտարարելով, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը չի տիրապետում իրավիճակին եւ կեղծիք են նրա այն հայտարարությունները, թե ԱԺ-ն է կողմ ՀԷԿ-ի մասնավորացմանը. «Հսկայական օգուտ տվող մի ձեռնարկություն է սա, գրեթե կես ատոմակայան, որը ոչ միայն էլեկետրաէներգիա է արտադրում, այլ լուրջ համակարգային ձեռնարկություն է: Այս ոլորտում տիրող խայտառակ վիճակի վրա եմ ուզում հրավիրել կառավարության ուշադրությունը: Այս հաշվետվությունն իրականության հետ կապ չունեցող փաստաթուղթ է, որը սպանում է հավատը վաղվա օրվա նկատմամբ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, որ այս հաշվետվությունն իմաստ կունենար քննարկել, եթե վտսահություն լիներ կառավարության նկատմամբ եւ հալած յուղի տեղ դնել կառավարության ասածները. «Ակներեւ երեւույթները թույլ չեն տալիս դրական բաներ ասել: Սերժ Սարգսյանի օրոք ստացվում է այնպես, որ ինչքան շատ զարգանում է տնտեսությունը, այնքան զանգվածային բնույթ է կրում արտագաղթը: Մենք գործ ունենք վիճակագրական ծառայության թվերի խաբեյությունների հետ»:
Նա հայտարարեց, որ ընդդիմությանը մեղադրում են, թե ինչու այկլընտրանքային ծրագրեր չեն ներկայացնում. «Միգուցե ընդդիմությանն առաջարկեիք ստեղծել նաեւ այլընտրանքային բանակ, որ պաշտպանենք հայրենիքը»: