«Ի՞նչ է արել Սուրիկ Խաչատրյանը»
«Արաբո» ՀԿ քաղխորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը վարչապետի հետ նախորդ շաբաթվա վերջին տեղի ունեցած հանդիպումից հետո հույս չունի, որ իրենք կյանքը կփոխվի։
Ազատամարտիկները պահանջում են սոցիալական փաթեթի բարելավում և երեք օր առաջ 13 կետից բաղկացած նամակ են ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Հետադարձ հայացք նետելով՝ դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի, կսպասենք, կտեսնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հակոբ Հակոբյանը։
Այսօր «Արաբո» ՀԿ քաղխորհրդի անդամին զարմացնում է նաև այն հանգամանքը, որ որոշ մարդիկ պարգևատրվում են այս կամ այն մեդալով և շքանշանով, մինչդեռ հայրենիքի համար անձնուրաց պայքարած ազատամարտիկներն անտեսվում են։
«Ես Սուրիկ Խաչատրյանին չեմ ճանաչել, այն հատվածում, որտեղ ես եմ կռվել, երբևէ Սուրիկ Խաչատրյանին չեմ տեսել։ Դրան անդրադարձել է նաև Կոմանդոսը։ Ի՞նչ է արել Սուրիկ Խաչատրյանը, որ նրան Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան են տալիս, մենք այս տեսակ երկրի համար չենք կռվել»,- նշեց Հակոբ Հակոբյանը՝ նկատի ունենալով Սյունիքի արդեն նախկին մարզպետի պարգեւատրմանը։