Հայրիկյանի պայուսակը՝ օդում կախված (տեսանյութ)
Այսօր Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը։
Վարդան Սեդրակյանը մեղադրվում է նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ
Այսօր դատարանում ցուցմունք տվեցին Պարույր Հայրիկյանի կինն ու դուստրը։ Երբ դատավոր Գագիկ Պողոսյանը Պարույր Հայրիկյանի տիկնոջը՝ Սուսաննա Ավագյանին հարցրեց՝ արդյո՞ք ճանաչում է ամբաստանյալներին կամ տուժողին, վերջինս ասաց. «Մենք են տուժողը, Հայրիկյանն իմ ամուսինն է»։
Վերհիշելով դեպքի օրը, նա նշեց, որ հունվարի 31-ին հեռուստացույց են նայել, ընթացքում աղմուկ են լսել, աղջիկն ասել է, որ հայրիկի ձայնն է և անջատել են հեռուստացույցը ու միանգամից դուրս եկել շքամուտք։
Սուսաննա Ավագյանը նաև նշեց, որ տեսնելով Հայրիկյանին աստիճաններին ընկած, կարծել է, թե նա սրտամկանի ինֆարկտ է տարել և փորձել է գրկել նրան, սակայն նկատել է, որ ամուսնու հագուստը արյունոտ է։
Դեպքից օրեր հետո, Հայրիկյանը տիկնոջը պատմել է, որ այդ օրն իրեն է մոտեցել մի մարդ, կարծել է, թե ցանկանում է բարևել, սակայն կրակել է։
Հայրիկյանի աղջիկը՝ Նարե Հայրիկյանը, իր դատաքննական ցուցմունքում նշեց, որ դեպքից հետո հայրը ցավից միայն բղավել է և չի կարողացել խոսել։ Նրա խոսքերով, հարևանները շտապօգնություն և ոստիկանություն են կանչել, սակայն առաջինը եկել է ոստիկանությունը։ Նարեի խոսքերով, դեպքի օրը, հարևաններից մեկը նկատել է սև շորերով և սև գլխարկով ինչ-որ մեկին։
Այսօր դատարանում գրանցվեց նաև մի զավեշտալի դեպք։
Գործով անցնող կրակողի՝ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը Նարե Հայրիկյանին հարցրեց, թե ինչքան ժամանակ է Պարույր Հայրիկյանի պայուսակը կախված մնացել օդում։ Հարցն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանը հանեց հարցը, նշելով, որ իր աշխատանքային պրակտիկայում, չի տեսել, որ պայուսակը օդում կախված մնա։
Այս պահին շարունակվում է մյուս վկաների հարցաքննությունը։