Աշոտ Աղաբաբյան. «Հանրապետականն ա՞ մեղավոր» (տեսանյութ)
Կառավարության ծրագրում հանրապետական պատգամավոր Վոլոդյա Բադալյանը նկատել է բնակչության երկրից դուրս գալը խրախուսող կետեր. «Կա ծրագրի մեջ կետեր, որոնք իրոք ստեղծում են պայմաններ, որ գնան, հետ գան»,-այսօր ԱԺ-ում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանը։
Աշոտ Աղաբաբյանի կարծիքով արտագաղթի համար պայմանները շարունակում են լինել նպաստավոր՝ երկրաշարժ, պատերազմ, շրջափակում. «Հանրապետականն ա՞ մեղավոր»։
Ըստ պատգամավորի, հանրապետականն ամեն ինչ անում է, որ գոնե մի կտոր հացի հնարավորություն ստեղծի, մյուս քաղաքական ուժերը դա էլ չեն կարող անել. «Ուրիշն ըլներ, հա՞, ու ստեղ անընդհատ բունտեր ու հեղափոխություններ ըլներ մի կտոր հացի համար։ Մենք գոնե էդքանը կարողանու՞մ ենք վարենք»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը նույնպես կարծում է, որ արտագաղթի ծավալների մեջ փոքր է հանրապետականի մեղքը, ավելի լավ է գնացողները մտածեն, թե ինչպե՞ս կարելի է հեռանալ աշխարհի ամենաապահով Հայաստանից. «Գնացողների մեծ մասը հայրենասեր չի»։
Արտագաղթի պատճառների մեջ պարոն Հարությունյանը սոցիալական պատճառներ գրեթե չի տեսնում, գնացողների մեծ մասը երկրից ահագին կապիտալ է տանում. «Ոչ մի արտագաղթող չի վեր կենում դատարկ գրպաններով գնում Ռուսաստան, Գերմանիա կամ Ֆրանսիա, նա այնպիսի կապիտալ ա տանում, որ էստեղ կարելի ա 20 տարի առանց աշխատելու ապրի»։
Մնացողների համար այնքան էլ լավ լուրեր չունի տրանսպորտի եւ կապի նախարարը, գազի սակագնի բարձրացումից հետո կթանկանա նաեւ քաղաքային ուղեւորատար տրանսպորտը. «Ես հույս ունեմ, որ չնչին կարող է լինել»,-նշեց Գագիկ Բեգլարյանը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կանխատեսում է, որ միայն այս տարի Հայաստանից կարտագաղթի 100 հազար մարդ, նախագահի երդմնակալությունից ու մայիսի 5-ի ընտրություններից հետո տեմպերն ավելացել են։
«Այսօր հայի համար ամենաաննպաստ միջավայրը Հայաստանն է հայի համար»։
Պարոն Մանուկյանը նկատում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչ թե պետք է ծրագիր ներկայացնի, այլ միջազգային ստանդարտներով դատվի Հայաստանը դատարկելու համար. «Պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին ու հաղթում են»,-«Ա1+»-ին ասաց Արամ Մանուկյանը։