Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի հանելու այս հինգ տարին, չի հանելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
0b97c3e4b6b4ea3e1aff6fac10531c0b

Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության հրաժարականը չի պահանջում, բայց մարգարեանում է. « Չի հանելու այս հինգ տարին, չի հանելու»։

«Ժառանգության» ղեկավարի ստեղծած «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը իշխանություններին թույլ է տալիս եւս մի քանի ամիս վայելել իրենց աթոռները. «Անուշ, մի քանի ամիս»։
Այս մասին նա ասում է քաղաքացիական ժողովին։

Սակայն ժողովրդական ընդվզումն, ըստ նրա անխուսափելի է, ցանկալի է, իհարկե, առանց զոհերի։ Դահլիճային այս հանդիպումը պարոն Հովհաննիսյանը տեսնում է իբրեւ պայքարի հանգրվան։

Պետռեգիստրից անհնազանդ քաղաքացու կարգավիճակ պահանջող, հանդիպմանը ներկա Պավլիկ Սարգսյանին դա դուր չեկավ. «Ես այլեւս հոգնել եմ հանգրվաններից, ես ուզում եմ մտնենք նավահանգիստ, կառամատույց, Բաղրամյան 26»։

Ի՞նչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26 մտնելու համար։ Պավլիկ Սարգսյանի փեսան եւ աղջիկը սպասում էին, որ «Ժառանգության» ղեկավարը նախագահի նստավայր կմտնի գոնե ապրիլի 9-ին։ Դա տեղի չունեցավ . «Թոռնիկիս տարան աղջիկս ու փեսաս, մայիսի 5-ին գնացին»։

Րաֆֆի Հովհաննիսյանն ափսոսանք էլ չհայտնեց իր թիմակցի հարազատների հիասթափության համար։ Բաղրամյան 26 մտնելու մասին ոչինչ չասաց։ Սակայն ասաց, որ եթե իշխանությունն ուժ ցուցադրի, նրան ուժով կհակադարձեն։ Վարդան Խաչատրյանը ուժային հեղափոխության ճանապարհ չի տեսնում, միայն երկխոսություն իշխանության հետ։

«Ոչ բանակցություններ, ես ուզում եմ էստեղ ճշգրտենք, դիալոգը, որը կլինի հրապարակավ, ժողովրդի ներկայությամբ»,-ասում է նա։։

Անդրեաս Ղուկասյանն առաջարկում է քաղաքացիական անհնազանդություն։ Այդպիսի քայլ էր, ըստ նրա, մի քանի օր առաջ սպանված զինծառայողի դիակը Երեւան բերելու փաստը.

«Հայաստանը գրեթե ապստամբության եզրին էր, որովհետեւ եթե սպանված զինվորականի բարեկամները կարողանային հասնել Երեւան, ապստամբության սկիզբը կլիներ»։

Նախագահի նախկին թեկնածուն սպասում է, որ երկրում դժգոհության ալիք կբարձրացնի նաեւ գազի թանկացումը։ Ի դեպ, ըստ նրա, իշխանությունը անընդհատ բողոքողների հետ հանդիպելով եւ ընդառաջ գնալով չի կարողանալու երկար պահել ժողովրդական ցասումը։