Գրանցվել են կոպիտ խախտումներ
Ճնշումներն ու խախտումները եղել են մասնավորապես ՀՀԿ-ի ՕԵԿ եւ ԲՀԿ-ի կողմից. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին տեղական դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Երիտասարդ ակումբների դաշնություն» ՀԿ-ն, որի 38 դիտորդները շրջել են 100 ընտրատեղամասերում, արձանագրել են մի շարք խախտումներ:
«Երբեմն ընտրատեղամասում կային մեծ թվով վստահված անձինք եւ դիտորդներ, որոշ ընտրատեղամասերում եղել են խմբված մարդիկ, թեկնածուների պաստառներ եւ տարբերանշաններ կրող մեքենաներ, որոշ տեղամասերում նկատվել են նաեւ ընտրողների կուտակումներ»,-ասում է «Երիտասարդ ակումբների դաշնություն» ՀԿ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Նա նշում է, որ ձայների հաշվարկն իրականացնելիս երբեմն հանձնաժողովները չեն հետեւել նախանշված գործողությունների հերթականությանը:
«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահրամ Վարդանյանը նշում է, որ եղել են շատ կոպիտ խախտումներ։
«Եղել են ընտրատեղամասեր, որտեղ եղել է լարվածություն վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ: Եղել են դեպքեր, երբ ընտրողը ցանկացել է 2 քվեաթերթիկ գցի քվեատուփի մեջ, եւ երբ բացահայտվել է, նա պարզապես այդ քվեաթերթիկները ձեռքին փախել է ընտրատեղամասից»,-ասում է Վարդանյանը:
Դիտորդները նշում են, որ ընտրատեղմասերում երբեմն աահմանափակել են նաեւ լրագրողների եւ դիտորդների իրավունքները: