Ն. Փաշինյան. «Արա-ով հաջորդ անգամ թող չխոսի » (տեսանյութ)
ԱԺ-ում բուռն անցավ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկումը Նախագիծը, որով նախատեսվում էր հասարակական կարգի պահպանության ժամանակ ոստիկանական զորքերի մասնակցությունն առանց ՊՊԾ-ի, ներկայացնում էր ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջի օրերին ԶԼՄ-երում լայնորեն լուսաբանվում էր ՀՀ ոստիկանապետի այն խոսքերը, որ որոշ պատգամավորներ են զանգել իր տեղակալներին, իսկ ինքը՝ ոստիկանապետը, դիմելով նրանց, ասել է՝ «Արա, դուք պատգամավո՞ր եք, թե գողականներ»:
«Պարոն Օսիկյան, արդյոք այդ տեղակալներից մեկը դո՞ւք եք եղել եւ ովքե՞ր են եղել զանգահարող այդ պատգամավորները: Եվ նաեւ, այդ երբանից է, որ ոստիկանապետը պատգամավորների հետ խոսում է «արա»-ով: Մանավանդ, երբ նա չի շեշտում, թե կոնկրետ որ պատգամավորներին է դիմում , նշանակում է նաեւ պատգամավորների կարգավիճակին է ուղղել իր խոսքը «արա» ասելով: Եթե նա հաջորդ անգամ նման տոնով ու «արա»-ով խոսի պատգամավորների մասին, ապա կարող եք նրան փոխանցել, որ ես էլ նույն կերպ կդիմեմ նրան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Օսիկյանը հայտարարեց, որ ցանկություն չունի արձագանքելու պատգամավորի խոսքերին. «Սակայն կոռեկտության սահմաններում կխնդրեմ մնալ ձեզ եւ նաեւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ինձ չեն զանգել, իսկ ոստիկանապետի արձանագանքը եղել է՝ կոնկրետ իրավիճակից ելնելով»:
Պատասխանելով նրան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ կոռեկտության կոչերի որեւէ հիմք դուք չունեիք: Հույս ունեմ, որ իմ կոռեկտության կոչը կփոխանցեք ձեր ղեկավարին»: