Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա քաղաքական բոյկոտ էր»

Քաղաքականություն
598912630137af173eb00ed96ba542aa

Սահմանադրական դատարանն այսօր սկսեց քննել ԱԺ 48 պատգամավորների դիմումը՝ «ԱԺ կանոնակարգ»-ի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը։

ՍԴ-ում որպես պատասխանող կողմ ներկայացել էր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, որպես դիմող կողմ՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այս հարցով զեկուցողը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանն է:

Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում նշեց, որ 48 պատգամավորներ նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել, սակայն քվորումի բացակայության պատճառով այն չի կայացել: Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը բոյկոտել էին ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները:

Պարոն Ջհանգիրյանը նշեց Սահմանադրության մի շարք կետեր, ըստ որոնց, պատգամավորների եւ հատկապես ԱԺ փոքրամասնություն կազմող խմբակցությունների պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ նիստը պետք է համարել լիազորված, իսկ քվորումն էլ՝ ապահովված: Այս պարագայում, ըստ նրա, 48պատգամավոների ներկայացրած օրակարգը պետք էր առնվազն քննարկել, եթե ոչ՝ իրականացնել քվեարկություն:

Գագիկ Ջհանգիրյանը ՍԴ-ից պահանջեց «ԱԺ կանոնակարգ»-ի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ համարել Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչել:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն հարցին, թե, ըստ նրա, ինչո՞ւ մյուս պատգամավորները չէին ներկայացել, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց, որ մեր պատգամավորները չեն «տառապում» կարգապահությամբ եւ նիստի առաջին քվեարկություններից  անմիջապես հետո լքում են ԱԺ դահլիճը. «Սակայն այս պարագայում մենք կարծում ենք, որ տեղի է ունեցել քաղաքական բոյկոտ»:

Իսկ Կիմ Բալայանի հարցին պատասխանելով՝ Գագիկ Ջհանգիրյանը, միաժամանակ հաստատելով, որ օրենքում նշված 66 պատգամավորի առկայության պարագայում միայն հնարավոր է հաստատել օրակագը, ապահովել քվորում եւ սկսել հարցի քննարկումը, ավելացրեց. «Մենք արդեն հաստատված օրակարգով էինք ներկայանում եւ մնում էր միայն քննարկումը»:

Դավիթ Հարությունյանը հարցեր չուներ: