Հայացք՝ մեկ օր անց (տեսանյութ)
Ոստիկանապետին երեկ հաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին առանց Բաղրամյան փողոց մտնելու հասնել Ծիծեռնակաբերդ երգելու։
Երեկ գիշեր չքնելու եւ հաղթելու վճռական տրամադրություն ունեցողները չէին մոռացել, թե ինչի համար են հավաքվել Բաղրամյան փողոցում, ճանապարհին նրանք ուզում էին հասկանալ՝ ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Ծիծեռնակաբերդ, եւ ինչո՞ւ ոստիկանապետի հետ:
Որոշ մարդիկ Ծիծեռանակաբերդ տանող երթի ճանապարհի կեսից կանգ առան, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացրեց, թե ՝ ովքեր ուզում են վերադառնալ Բաղրամյան փողոց, արյուն են ուզում։ «Ոչ մեկը թող չասի Բաղրամյան»,-բղավում էր Րաֆֆի Հովհաննիսյանը ու կոչ անում Ծիծեռանակաբերդում մոմ վառելուց հետո գնալ տուն ու վերագտնել ընտանիքները
Չնայած հիասթափությանը Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ հրապարակ, որտեղ ժողովրդի մի հսկա հատված չէր հետեւել նրա Եղեռնի զոհերի հուշահամալիր բարձրանալու եւ տներով ցրվելու կոչին
Մինչեւ առաջնորդի վերադառնալը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժողովրդին խոստանում էր ուժ կիրառել, եթե չնահանջեն. «Ժողովուրդ եթե հետ չեք գնում, ստիպված կլինենք հետ հրավիրել»։
Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտա եկավ ու պահանջեց բացել այն, ինքը գնում է նախագահի նստավայր օրհներգ երգելու։ Կրկին գործին խառնվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Մի րոպե մի հատ էստեղ մեզ անկյուն տվեք»։
Մոտ 15 րոպե տեւած բանակցություններից հետո ոստիկանապետւ թույլ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին Բաղրամյան փողոցի ձախ մայթով հասնել Սիրահարների այգի, մոտենալ նախագահի նստավայրին, երգել օրհներգը ու Պռոշյան փողոցով իջնել Ազատության հրապարակ եւ ասել բարի գիշեր։