Րաֆֆի Հովհաննիսյանին փորձն էր պակաս
Պետք է դասեր քաղել նրանից, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա համակիրների և ոստիկանների միջև։ Այսպես է կարծում «Ժառամգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Ես կարծում եմ, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղությունը փոխել էր, ապա տարօրինակ էր, որ ժողովրդի մյուս մասը մնաց Բաղրամյան փողոցում: Կարծում եմ` որոշակի անկազմակերպվածություն կար: Բացի այդ կան տարբեր խմբեր, որոնք հավակնում են լիդերության»,- կարծում է Լարիսա Ալավերդյանը:
Նա ասում է` նման բողոքի ակցիաները պետք է նախապես կազմակերպել, և որոշակի խումբ պետք է լավ իրազեկված լինի, թե ինչ են պատրաստվում անել: «Այդ նույն վայրում, այդ վիճակում նույն նախաձեռնություններով հանդես գալը առնվազն անկառավարելիության վտանգներ է իր մեջ պարունակում»,- վստահ է Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը երեկվա միջադեպից հետո եզրակացնում է` Րաֆֆի Հովհաննիսյանին փորձն էր պակաս` բազմությանը կառավարելու.
«Պետք է նկատի ունենալ, որ կարող են հայտնվել և´ առանձին նախաձեռնողներ, և´ սադրիչներ, կարող է լինել նաև քո հակառակորդը: Դա պետք էր անպայման հաշվի առնվեր»:
Լարիսա Ալավերդյանը միայն ուրախ է, որ իրականացել են իր կանխատեսումները. այն է՝ 2008թ. մարտի մեկի դեպքերի կկրկնությունը բացառելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցախ միջադեպին՝ տիկին Ալավերդյանը ասաց, որ փաստաբան Սեդա Սաֆարյանը երեկ Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցածի համար իրավական գործ է սկսել: «Փաստաբանը արդեն հայտարարություն է կազմել հանցագործության մասին, որովհետև զգալի ֆիզիկական վնաս է հասցվել Արմեն Մարտիրոսյանին»,- ասաց «Ժառանգության» նախկին անդամը: