Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնե՞ց հրապարակը
Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց մինչեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Արդյո՞ք նա Ազատության հրապարակը հանձնեց իշխանություններին:
«Ճիշտ վարվեց, եթե տակտիկական հնարները, մարտավարական հնարքները պարզ են, ապա դիմացինը համապատասխան գործողության սցենար է կազմում, եւ մեզ մոտ մենք գիտենք` դա ինչ է` թրըխկ-շրըխկ, ջարդենք-փշրենք, վերջանա-գնա: Նա խուսանավումի մարտավարություն է վարում»,- ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։
Քաղաքագետը չի կարծում, թե թողնելով հացադուլն ու լքելով Ազատության հրապարակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցրել է իր համակիրներին եւ ընտրազանգված կորցրել. «Սա մի պայքար է ազգային ինքնագիտակցության վերածննդի, մարդկանց մտածելակերպի փոփոխության պայքար: Նրա գործածած հայեցակարգերը հասկանալի են միայն նրանց, որոնք գիտեն քաղաքական պատմություն»։
Պարոն Շիրնյանը համոզված է` համապատասխան աշխատանքի եւ համբերության դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի հասնել փոփոխությունների։
Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարկը չի հանաձնել, քանի որ երբեք էլ իրենը չի եղել;. « Րաֆֆի Հովհաննիսյանն այն չի վերցրել, այնտեղ նա պարզապես հացադուլ, սովադուլ, վախադուլ եւ այլ "դուլ"-երի մեջ էր նա եւ որոշեց վերջացնել ոչ թե ապրիլի 9-ին, այլ ավելի շուտ: Կարծում եմ՝ պատճառը նա է, որ նա արդեն իսկ հասկացավ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ոչ հրաժարվել նախագահի պաշտոնից, եւ ոչ էլ երդման արարողությունից»։
Ի տարբերություն Լեւոն Շիրինյանի, Գեղամ Նազարյանը կարծում է, որ հանրահավաքից հանրահավաք մարդիկ ավելի ու ավելի էին հիասթափվում Րաֆֆի Հովհաննիսյանից։
«Եթե այսպես նա շարունակի, ապա շատ արագ նա կկորցնի իր վարկանիշը եւ կհայտնվի քաղաքական դաշտի այն հատվածում, որտեղ գտնվում են անհաջողակները, եւ որոնք ոչինչ չեն կարող փոխել առկա իրավիճակում»,- ասաց նա։