Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայը Ուրֆայի ճաշերը բերել է Երեւան (տեսանյութ)

Հասարակություն
7365e8824dfb324fb033524bbca8d3a5

Կանաջյանների ընտանիքը մի քանի սերունդ շարունակ Հալեպում հայտնի է եղել ռեստորանային բիզնեսով: Սիրիայի ներքաղաքական պատերազմից հետո պապենական բիզնեսը նրանք որոշեցին շարունակել հայրենիքում:

Կնոջ եւ 3 անչափահաս երեխաների հետ մեկ տարի առաջ Երեւանում բնակություն հաստատած Անդրանիկ Կանաջյանը մի քանի ամիս հետո բացել է «Նոր Ուրֆա» սիրիական ռեստորանը:

«Ուրֆան Եդեսիան է, որ մեր պապիկները այդտեղից եկել են, գաղթել են Հալեպ: Մենք եղել ենք ուրֆացի ընտանիք»,-ասում է սիրիահայ Ադրանիկ Կանաջյանը:

Ռեստորան այցելում են ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ տեղաբնակներ:

«Մենք չենք բողոքում ոչ մի բանից, որ ռեստորանը աշխատում է արդեն, բայց մի քիչ խնդիր ունենք վճարումների հետ հարկային: Որ ես նոր սկսել եմ, բացել եմ ռեստորանը, մի երկու տարի, գոնե մի տարի ուզում էի սկիզբը թեթեւացնեին էդ վճարումները»,-ասում է Կանաջյանը:

Թեեւ Հայաստանում սիրիահայ գործարարին որեւէ հարկային զիջում չեն արել, սակայն նա հույս ունի, որ այս գործում ունեցած տարիների փորձը Հայաստանում արդյունք կտա: Անդրանիկ Կանաջյանը միաժամանակ հայկական ժողովրդական, աշուղական երգեր է երգում եւ արդեն ձայնասկավառակ ունի:

Երեւանյան կյանքին աստիճանաբար ինտեգրվում են նաեւ ընտանիքի մյուս անդամները: Նրա 2 աղջիկները՝ Մարին եւ Միելը, սովորում են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, իսկ 2,5 տարեկան որդին`Պետրոսը, հաճախում է մանկապարտեզ:

«Հայաստանում շատ լավ է, մենք շատ ենք սիրում: Այստեղ գնում ենք դաշնամուրի պարի դասի»,-ասում է 12-ամյա Մարի Կանաջյանը:

Չնայած, որ նրանք կարոտում են Հալեպում մնացած ընկերներին ու հարազատներին, մայրը՝ Մաթիլդա Դողլյանը ուրախ է, որ իր զավակները ուսում են ստանում եմ եւ մեծանում հայրենիքում:

«Մենք գոհ ենք, որ Հայաստանը մեզ իր դուռերը բացավ եւ ընդունեց, մենք հոս շատ հոգեկան հանգիստ ենք զգում, որ բոլորս հայ ենք: Դժվար էր միայն մի տեղեն փոխադրությունը, սովորելը, սովորությունները օտար են, վարժությունները, բայց կարողանում ենք»,-ասում է Դողլյանը: