Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. « Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»

Քաղաքականություն
266e5f03023a123173339cf734dc1663


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից: Եվ դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում եւ չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Ըստ նրա՝ «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»: Միակ պատճառը, թե ինչի համար նա կարող էր գնալ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ անելն է: Բայց նման բան նա կարող է անել՝ ֆիզիկապես «Ժառանգության» առաջնորդի կողքին չլինելով. Սերժ Սարգսյանը այդպես էլ վարվեց՝ տեսախցիկների առաջ հացադուլը դադարեցնելու կոչ անելով. «Ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել»: Անդրադառալով խնդիրները հացադուլով լուծելու մեթոդին,  նա ասաց. «Ենթադրենք, նախագահական նստավայրի մոտ մեկը հացադուլ է անում, պահանջելով, որ իր աշխատավարձը լինի 10 կամ 100 հազար դոլար: Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»: 

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհները

 

 Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:

Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:

Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին:

Այդ նախագիծը, ըստ առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:

Առավոտ

՝http://www.aravot.am/2013/03/18/216228/


Սերժ Սարգսյան. Հանրապետականի ցուցակում օլիգարխներ չկան

 


«Առավոտի» դիտարկմանը, որ մարդկանց զայրացնում է խորհրդարանում հայտնված օլիգարխների կրթական մակարդակը, դաստիարակության աստիճանը, և ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն նման մարդկանց չբերեր խորհրդարան կամ հիմա հորդորի՝ դուրս գալ խորհրդարանից՝ տեղ ազատելով ավելի պատրաստված մարդկանց համար, Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է.

«Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), և դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում:

Ես դրա մասին ասել եմ և արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել և չէի էլ կարող ասել:

Ինչո՞ւ չէի կարող, որովհետև ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով: Բայց խնդրանք-հորդորով չես կարող բոլորի առջև փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածը արել ենք, մնացած քաղաքական ուժերն էլ թող գան հասնեն մեզ, և այդ պարագայում կարծում եմ, խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի:

Թեև ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհն ավարտած երեք ամիս առաջ երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ»: Նա նաեւ խոստացավ, որ ապագայում խորհդարանում չեն լինի լրագրողների, հասարակության կարծիքով օլիգարխներ, բայց դա միանգամից չի լինի.«Սա իմ գործելաոճն է: Ես կտրուկ քայլերի չեմ գնալու, ես շտապելու եմ դանդաղ»:

 

 

http://www.aravot.am/2013/03/18/216255/