«Պետք է գնահատել Րաֆֆի քայլը» (տեսանյութ)
Անահիտ Բախշյանը մտածում է՝ կլինի՞ արդյոք մի օր, որ ժողովուրդը ՀՀ նախագահ ընտրի քվեարկության արդյունքում։
«Եթե նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից, ապա նա կգնա ցանկացած բանակցությունների»,- վստահեցրեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը։
Նա չի ընդունում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները ու որպես փաստարկ եւս մեկ անգամ հիշեցրեց. «560 տեղամասերում ժողովրդի մասնակցությունը ընտրություններին եղել է 80 տոկոսից ավելի, սակայն մեզանից ով չգիտի, որ այդքան մարդ այդ գյուղերում չկա»։
Անահիտ Բախշյանի հետ համաձայն չէ ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը։ Նա վստահեցրեց, որ գործող նախագահը ընտրվել է արդար ընտրության արդյունքում։ «Եթե խախտում չի եղել, դիտորդն ի՞նչ արձանագրի: Դուք ունեցել եք հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք և չեք ներկայացրել որևէ հատուկ կարծիք»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։
Անահիտ Բախշանը չի վստահում նաեւ ՍԴ-ին ու նրա որոշումները համարում է կողմնակալ։
«Այս բոլոր տարիների ընթացքում ՍԴ-ի որոշումները բխել են միայն իշխանությունների շահերից և այն երբևէ չի պաշտպանել պետության շահը»,- ասաց Բախշյանը ու հավելեց, որ հասկանալով Րաֆֆի Հովհաննիսյանը զոհողությունը՝ ամբողջ ժողովրդի ու նաեւ իր համար ցավ է ապրում. «Պետք է գնահատել այդ քայլը»,- հորդորեց Ժառանգության ներկայացուցիչը։