«Պայքարը շատ է նյարդային...» (տեսանյութ)
Ազգային Ժողովի Հանրապետական պատգամավորները Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ցույցերից նոր մարտի 1 չեն կանխատեսում
«Եթե անօրինական միտինգներ չլինեն, պրովոկացիաներ չլինեն»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը։
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը տեսնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է ոգեւորվել իր 37 տոկոսից, կարծես թե գնում է սադրանքների ճանապարհով. «Ինձ համար անկեղծ հասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխապտույտը»։
Պարոն Սահակյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հաշվի նստի ոստիկանության հաղորդագրությունների հետ, անօրինական հանրահավաքները լավ բանի չեն հանգեցնի։
Գուրգեն Արսենյանի խմբակցությունը՝ ԲՀԿ-ն արդեն իշխանություններին ակնարկել է ուժ չգործադրել միտինգավորների հանդեպ. «Միշտ կլինի իշխանության շրջանակներում մարդիկ, որոնց ձեռք կտա էսկալացիան, ձեռք կտան քաղաքացիական դաշտ տեղափոխել քաղաքական կոնֆլիկտը, ձեռք կտան արյունը»։
Հենց դա էլ թույլ չի տալու դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա, ոստիկանությունն արդեն օրենք է խախտում անօրինական հայտարարելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները։ Առանց այն էլ, ըստ պարոն Մինասյանի, պայքարը շատ է նյարդային։
«Այս նյարդային պայքարում առաջինը նյարդային գրոհ կազմակերպողը կամ սխալ թույլ տվողը պարտված կողմ է համարվելու»,- ասաց նա։
Պարոն Մինասյանն, ի դեպ, համոզված է, որ պայքարը տեւական է լինելու։