Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը չի ընտրվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
3ff9ddfa258983aafa97fada653cac02

«Ընտրությունների արդյունքներն ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես ոչ մի կասկած չունեմ։ Ես ձայները չեմ ասում, կարող է ինչ-որ ձայներ ապահովել է Սերժ Սարգսյանը , թե ինչպես է ապահովել այդ ձայները, դրանք բոլորն ընտրակեղծիքներով ապահոված ձայներ են. կամ ընտրակաշառքով, կամ սպառնալիքներով, կամ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, կամ քրեական տարրերի օգնությամբ։ Նա չի հաղթել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սա է իրականությունը և Սերժ Սարգսյանը, ինչպես նախորդ 5 տարիներին է եղել՝ ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ նախագահ, դժբախտաբար եթե մնաց աթոռին, եթե նոր այս բողոքի ընդվզումը չհասավ իր նպատակին, ևս 5 տարի լինելու է ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ նախագահ»,- իր ելույթում նշեց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը ցավով նշեց, որ միջազգային հանրությունն օրհնել է Սերժ Սարգսյանին և վերցրել իր պաշտպանության տակ։

«Ես չեմ տեսնում որևէ արտաքին աշխարհից որևէ միջամտություն, որպեսզի Սերժին ստիպեն վերանայել այս ընտրության արդյունքները, չկա այդպիսի բան։ Հակառակը, իմ տպավորությունն այն է, որ գոնե արևմուտքի համար, ես Ռուսաստանի մասին քիչ բան գիտեմ, որովհետև նրանք երբեք չեն արտահայտվում, նրանք երբեք չեն խոսում դեմոկրատիայի, մարդու իրավուքների, ազատությունների մասին, դրա համար ես նրանցից ոչինչ չեմ կարող պահանջել։ Իսկ արևմուտքը գիշեր-ցերեկ խոսում է օրինականությունից, ժողովրդավարությունից, ազատ ընտրություններից և ամեն անգամ էս խայտառակ ընտրությունները օրհնում, սրբացնում, թողնում գնում են։ Դրանով ի՞նչ է անում, պահպանում է այս ավազակապետության ռեժիմը։ Դրանով ի՞նչ օգուտ է բերում մեր ժողովրդին, կործանում է մեր ժողովրդին, ուրիշ ոչինչ։ Ինձ համար ակնհայտ է, նրանց համար նախընտրելի նախագահը Հայաստանի՝ Սերժ Սարգսյանն է։ Ես սա շատ սառը գիտակցել եմ հենց 2007թ-ից, երբ որ մտել եմ էս շարժման մեջ»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։