Ն. Փաշինյան. Հաղթանակ կամ ուրիշ ոչինչ (տեսանյութ)
«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, նորից փետրվար է և մենք նորից Ազատության հրապարակում ենք, սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի բռնությունը չի կարողացել կոտրել ՀՀ քաղաքացիներին»,- Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է, որ ՀՀ քաղաքացին էլ դեռևս չի կարողացել դե յուրե հաղթանակ տանել՝ իր հայրենիքի տերը լինելու երկարատև պայքարում, «բայց և այն, որ փետրվար է ու մենք նորից այստեղ ենք, նշանակում է ընդամենը մեկ բան՝ ՀՀ քաղաքացու հաղթարշավը անկասելի է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ իրենք այստեղ են, որպեսզի ուղիղ նայեն բռնության աչքերի մեջ. «Ասելու՝ բռնություն, քո պարտությունը անխուսափելի է, սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների ՀՀ ժողովորդը ընտրել է իր նախագահին, բայց ինչպես և սպասվում էր՝ ԿԸՀ հրապարակած պաշտոնական նախնական տվյալները չեն արտահայտում իրականությունը»։
«Ժողովուրդը, ինչպես և 2008թ-ի նախագահի ընտրություներում, 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի թվով 1988 տեղամասերում իրականացրեց հեղափոխություն, 30 վայրկյանանոց հեղափոխություն և այսօր մեր խնդիրը պարզ է. այդ հեղափոխության դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի։ Այն ուժերը, ովքեր պատրաստ են աջակցել այս հաղթանակին, դա պետք է անեն առանց նախապայմանների, որովհետև ժողովրդի առաջ նախապայմաններ չեն դնում, ժողովրդի որոշումը ընդունում են ի գիտություն, սրանում է ժողովրդավարության և սահմանադրության էությունը»,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին, ասաց որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն և առաջին հերթին ինքը պետք է որոշի ինչպես վարվի այդ քվեի հետ. «Ինչ խոսք այստեղ գտնվող յուրաքաչյուր ոք պատրաստ է ծառայել։ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի այս փետրվարը։ ՀՀ լուսավոր ժողովրդին չի կարելի տանել պարտության, հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ»։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև հարգանքի տուրք մատուցել 2008թ-ի Մարտի մեկի զոհերին և խոստանալ, այլևս երբեք թույլ չեն տա մեզ կոտորել մայրաքաղաքի փողոցերում կամ որևէ այլ տեղ, այլևս երբեք ոչ մի արյուն, ոչ մի պարտություն, հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ և ուրեմն կեցցե ՀՀ քաղաքացին, մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ հանրապետությունում»։
Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնելով Նիկոլ Փաշինյանի հետ, մեկ ուղղում արեց, ասելով, որ «ոչ թե Րաֆֆին և իր թիմը, այլ՝ Րաֆֆին և մեր թիմը, հավելելով, որ Նւկոլ Փաշինյանը դեռ չի պատկերացնում, թե ինչ է իր հետ լինելու կառավարության կազմում»։
«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնող չէ, երկրորդ շարքում կանգնող չէ։