Մակեյանն ընտրվեց նախագահ
Այսօր «Թեքեյան կենտրոնում» տեղի ունեցավ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հերթական 10-րդ համագումարը: Ըստ կուսակցության մամլո հաղորդագրության՝ օրակարգում ընգրկված էին հետևյալ հարցերը.
1. Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի զեկույցը,
2. Հաստատվեց 2012թ. ֆինանսական հաշվետվությունը,
3. Ընդունվեց կուսակցության կանոնադրության փոփոխությունները,
4. Ընտրվեց կուսակցության քաղաքական խորհրդի 15 հոգանոց կազմը և կուսակցության նախագահ վերընտրվեց Պետրոս Մակեյանը,
5. Ընդունվեց կուսակցության 10-րդ համագումարի բանաձևը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 10-րդ համագումարի
բանաձև
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև 15-ամյա հետևողական պայքարին, վերստին արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ ուղությունը` Եվրոպական (համամարդկային) արժեքներ դավանող` ժողովրդավարական, սոցիալական պետության կերտումն է, որն ապահովելու է քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Այդ նպատակները կյանքի կոչելու համար ԺՀԿ 2008թ. դարձավ համաժողովրդական շարժման, այնուհետև` ՀԱԿ-ի կարևոր դերակատարներից մեկը` իր վրա ընդունելով վարչախմբի բազմաթիվ վայրագ հարձակումները:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը, որովհետև Հայաստանը դեռևս գտնվում է անապագա դեգերումների մեջ:
Վարչախումբը տարիներ շարունակ կեղծեց բոլոր ընտրությունները և ձևավորեց իմիտացիոն` կեղծ ժողովրդավարական համակարգ: 15 տարիների ընթացքում վարչախմբի վարած քաղաքականության, տնտեսական ծանր պայմանները, գործազրկությունը, սոցիալական և իրավական անպաշտպանվածությունը, անարդարությունները երկրում ստեղծել են հասարակության սոցիալական վիճակի ծայրահեղ բևեռացում` մի կողմից քրեագործ գերհարուստներ, մյուս կողմից` ունեզրկված ժողովուրդ, որը հանգեցրել է հուսահատության ծանր մթնոլորտի: Շարունակվում է հասարակության ակտիվ և ունակ շերտերի զանգվածային արտագաղթը:
Հնարավոր չէ ունենալ ժամանակակից պետություն և իշխանությունների տարանջատում` առանց իրական ընտրական համակարգի: Հասարակությունը ոչ միայն չի դարձել իշխանության ձևավորման սուբյեկտ, այլև` 2012թ. ԱԺ «ընտրությունները» ցույց տվեցին, որ վարչախումբն արեց ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացուն զրկի ընտրելու իր սահմանադրական իրավունքից:
Դասեր չքաղելով 2008թ. հետընտրական զարգացումներից և հարյուրավոր քաղաքական բանտարկյալների առկայությունից` այսօր ևս շարունակվում է նույն արատավոր գործելաոճը:
Արդյունքում` վտանգված է պետության և քաղաքացիական հասարակության գոյությունը, չեն գործում սահմանադրությունը և օրենքները, վարկաբեկված են պետական բոլոր ինստիտուտները, շարունակվում է գերակայել անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը: Վարչախումբը ձգտում է հասարակությանը վերածել միակերպ մտածող հպատակների:
Ցավով պետք է արձանագրենք, պարտադրվող արժեհամակարգը, և ընդդիմության վերջին երկու տարվա անհաշվենկատ գործունեությունը նպաստեց ավազակապետական բուրգի բարգավաճմանը, և հիմնական ընդդիմադիր բևեռի` ՀԱԿ-ի կազմաքանդմանը:
Արձանագրենք, որ երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նախագահական ընտրություններն առաջին անգամ անցնում են առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի, ոչ մրցակցային, կանխորոշված «ընտրությունների» արդյունքով:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության համագումարը արձանագրելով ներքաղաքական կյանքում ձևավորված նոր իրողությունները, իր հռչակած նպատակները իրականացնելու համար համագործակցելու է առաջին հերթին գաղափարական ընդհանրություն ունեցող, ինչպես նաև բոլոր այն ուժերի հետ, որոնք առաջնային նպատակ տեսնում են երկրում սահմանադրական կարգի հաստատումը: